Փաստաբանները հանդիպում են Գլխավոր դատախազին
ՀՀ փաստաբաններն այսօր Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 299 հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մոտեցավ նրանց՝ լսելու խնդիրները, պահանջները: Նա նշեց, որ հարուցված քրեական գործերի մասին երեկ և այսօր հանրությանը տեղեկատվություն տրամադրել են, իսկ եթե կան լրացուցիչ հարցեր, ապա դրանք կարող են գրավոր ուղղել, որոնց կպատասխանեն:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն ասաց, որ Գլխավոր դատախազի չիջնելն ընդունում են՝ որպես մերժում:
Գլխավոր դատախազի խորհրդականն էլ պատասխանեց, որ հարցերը վերաբերում են կոնկրետ քրեական գործերի հանգամանքների, որոնք նախաքննական տվյալներ են պարունակում, և դրանք հանրային կերպով ներկայացնելը տեղին չէ:
Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց, թե ինչպես այն ժամանակ էին մարդիկ եկել և պահանջում ձերբակալել Արցախի հերոսին, այս մարդիկ էլ պահանջում են, որ ձերբակալեն հայրենիքի դավաճանին:
«Լապշա մի կախեք իրավաբանների ականջներին»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փոխանցեց, որ ուզում են հանդիպել Արթուր Դավթյանին, ձևաչափը թող նա որոշի, պարզապես ուզում են ոչ թե գործը, այլ ընդհանուր ուղղությունները քննարկել:
Գոռ Աբրահամյանը խոստացավ խնդրանքը փոխանցել, բայց միաժամանակ շեշտեց, որ հրապարակային այս ձևաչափը նման պահանջներ ներկայացնելու ամենալավ տարբերակը չէ:
«Դուք ինձանից լավ գիտեք, որ քրեական գործն ունի ընթացք, իր տրամաբանությունը, և ժամանակից առաջ ընկնելով՝ որևէ պրոցես չի կարող լինել, որովհետև հետո ձեզանից շատերը, որ կընդգրկվեն այդ քրեական գործում՝ որպես, օրինակ, պաշտպան, ենթադրում եմ՝ հետագայում վիճարկելու են այն գործողությունները, որոնք կարող են իրականացվել քրեական գործերի շրջանակներում՝ նախաքննական մարմինների, դատախազության կողմից, և այլն»,- ասաց Գլխավոր դատախազի խորհրդականն ու հեռացավ Գլխավոր դատախազի որոշումը՝ կապված փաստաբաններին հանդիպելու հետ, ավելի ուշ հայտնել:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն ընթացքում հիշեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մոսկվա մեկնելու համար անձնագիր տրամադրելու փաստը՝ նշելով, որ Ն.Փաշինյանը գրեց, որ ինքը խնդրել է դատախազությանը՝ չխոչընդոտել անձնագրի վերադարձի հարցում:
«Գիտե՞ք, թե անձնագիրը ոնց են վերադարձրել՝ ձեռքով: Ոչ մի արձանագրություն, ոչ մի ստորագրություն, ոչ մի փաստաթուղթ, ուղղակի խնդրել է չխոչընդոտել անձնագրի վերադարձի հարցում: Ու մենք ուզում ենք, որ Դատախազությունն իրականացնի իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության շրջանակներում նախաքննություն»,- նկատեց Արթուր Ղազինյանը:
Գոռ Աբրահամյանը հաղորդեց, որ Գլխավոր դատախազը երեք հոգու պատրաստ է ընդունել:
Փաստաբանները համաձայնեցին: