Մեր բանակը մեր երկրի ողնաշարն է. Ավետիք Չալաբյան
«Արար» հիմնադրամի հոգաբարձու Ավետիք Չալաբյնաը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեկ ամիս առաջ, Քարվաճառի հյուսիսային առաջնագիծը հերոսաբար պաշտպանած և թշնամուն մի քանի անգամ ջարդ տված մեր մարտական ստորաբաժանումները, մեր երկրի դեմ տեղի ունեցած մեծ դավադրության արդյունքում, ստիպված էին առանց կռվի հանձնել իրենց դիրքերը, և ետ նահանջել նոր բնագծեր, հետևում թողնելով ոչ միայն անառիկ դիրքերը, այլև զորամասերը և անհրաժեշտ ենթակառուցվածքը, և ձմեռվա մեջ տեղափոխվել ծառայության բաց երկնքի տակ։
Այսօր մեր պարտքն է օգնել մեր հերոսական եղբայրներին, որոնք անմռունչ շարունակում են կատարել իրենց մարտական պարտքը մեր առաջ։
Մեր «ԱրԱր» հիմնադրամը սկսել է որակյալ մարտական վրանների մատակարարումը մեր ստորաբաժանումներին, զուգահեռ սկսել ենք նաև արագ հավաքվող տնակների կառուցումը։ Մեր բանակը մեր երկրի ողնաշարն է, և այս ծանր օրերին, մենք պետք է միշտ հիշենք դա, և թույլ չտանք արտաքին և ներքին թշնամուն այդ ողնաշարը կոտրել։
Տղերքին խորին շնորհակալություն եմ հայտնում իրենց հերոսական ծառայության համար, և կոչ եմ անում յուրաքանչյուրիս մեր հնարավորությունների սահմաններում շարունակել իրենց թիկունք կանգնել և սատարել։