Գերության մեջ հայտնված շիրակցիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Դեռևս շրջափակման մեջ մնացած զինծառայողներ կան
Շիրակցիները նորից բողոքի ակցիաներ են իրականացնում՝ փակելով ճանապարհներ. նրանք պահանջում են գերության մեջ հայտնված իրենց հարազատներին:
«Այս պահին փակ է Գյումրի-Երևան ճանապարհի Հոռոմի խաչմերուկը, Լանջիկի հատվածը և Գյումրի-Բավրա ճանապարհի Քեթիի հատվածը»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի բնակիչ Կարապետ Պողոսյանը՝ նշելով, որ ինքը ևս մեկնում է Քեթի:
Հիշեցնենք, դեկտեմբերի 16-ին Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչները կրկին փակել էին ճանապարհներ։ Նրանք Արցախի Հին շեն բնակավայրի մոտակայքում շրջափակման մեջ ընկած իրենց հարազատներից տեղեկություններ չունեին, և համացանցում տարածվող տեսանյութերից՝ նաև տեղեկացել էին, որ նրանց մի մասը գերեվարության մեջ են։
Քանի որ դեկտեմբերի 16-ին բողոքող ծնողները նաև հավաքվել էին Շիրակի մարզպետարանի մոտ, Կարապետ Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պատկան մարմինների կողմից հնչել են հստակ պատասխաններ, մեր զրուցակիցը տեղեկացրեց.
«Իրենց ընդամենն ասել են, որ՝ բերեք ձեր երեխաներից անձնագրի պատճեն, լուսանկար, հարազատից կոնտակտ, որպեսզի փորձենք ինչ-որ բան անել: Այսինքն՝ որևէ ռեալ պատասխան չի տրվել, որևէ գործողության մասին չի խոսվել: Շատ անպատասխանատու վիճակ է պետության կողմից՝ ինչպես և ակնկալվում էր»:
Կարապետ Պողոսյանը հավելեց նաև, որ իր ունեցած տվյալներով՝ բարեբախտաբար, գերիների թիվը 160 չէ, ինչպես նշվում էր նախկինում, իսկ շրջափակման մեջ գտնվող կամավորականներին էլ խոստացել են դուրս բերել այդ օղակից.
«Այս պահին գերիների տարբեր թվեր են շրջանառվում, բայց ոնց որ թե 70-ն արդեն հաստատվում է: Դեռևս շրջափակման մեջ մնացած զինծառայողներ կան. առավոտյան խոսել եմ, իրենց խոստացել են, որ օրվա մեջ մեքենաներ կմեկնեն, որոնք իրենց պետք է այդ օղակից դուրս բերեն, բայց վստահ չեմ կարող ասել. ընթացքն արդեն ցույց կտա»: