Սերժ Սարգսյանը Նիկոլին իշխանություն չի տվել. Էդուարդ Շարմազանով

Իշխանափոխությունից հետո բոլորն էլ պետք է ցուցմունքներ տան, եւ բոլորն էլ պետք է ենթարկվեն համապատասխան գործողությունների։ Այս մասին, news.am–ի փոխանցմամբ՝  այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Քաղաքական առումով ասել եմ, որ Նիկոլը պետք է հրաժարական տա։ Երբ ասում է՝ քաղաքական պատասխանատվություն պատրաստ եմ կրել, քաղաքական պատասխանատվության միակ ձեւն օր առաջ հրաժարական տալն է, չի տա, մենք կպարտադրենք իրեն հրաժարական։ Եթե իրենց մտքում կա, Նիկոլը հրաժարական տա, իրենց թիմից որեւիցե մեկին կապել ժողովրդի վզին, ապա չի ստացվելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, եւ իրենց թիմից որեւիցե մեկը դառնա վարչապետ, դա ֆուտլյար է լինելու։ Հայ ժողովուրդը Նիկոլի ֆուտլյարներին չի հանդուրժելու»,- ասաց Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ եթե տեղի ունենա իշխանափոխություն, ապա կլինի նաեւ իրավական գործընթաց. «Համոզված եմ, որ ոչ միայն Արայիկ Հարությունյանը, այլեւ Հայաստանը եւ Արցախի իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ պետք է ասեն այն, ինչ եղել է։ Տեղի է ունեցել դավադրություն հայ ժողովրդի նկատմամբ։ Պատերազմի 4-րդ օրը ԳՇ պետը Նիկոլին ասում է՝ պետք է կանգնեցնել պատերազմը, հոկտեմբերի 12-ին ես պարտադրում եմ, հորդորում եմ, որ խնդրի Պուտինին եւ համաձայնվի նրա առաջարկներին, կանգնեցնի պատերազմը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության անունից քաղաքական դիակ Նիկոլը չի հերքել Պուտինի խոսքերը, որ հոկտեմբերի 19-20-ին Պուտինը առաջարկել է Նիկոլին հրադադար կնքել, բայց Նիկոլը գնացել է դավադրությանը։ Ամենագլխավոր հարցը, ինչո՞ւ եղավ պատերազմը, ինչու հրահրեց Նիկոլը պատերազմ, պատերազմը 44 օրը ինչո՞ւ դավադիր կերպով մեզ տարավ պարտության եւ ինչո՞ւ չլսեց մեր գլխավոր դաշնակցի ղեկավարի առաջարկը՝ կանգնեցնել պատերազմը։ Եթե Արտաքին գործերի նախարարն է այս մարդուն հերքում է, հանում է սուտասան։ Ասում է՝ Շուշին բոլոր ժամանակներում բանակցվել է, իսկ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Շուշիի հարցն առաջացել է պատերազմի ժամանակ։ Աշխարհում գիտե՞ք մի երկիր, որտեղ ԱԳՆ-ն ասում է՝ վարչապետը սուտասան է»։

Շարմազանովը շեշտեց, որ «Իմ քայլից» որեւէ մեկը վարչապետ չպիտի դառնա։

«Ինձ համար միակ տարբերակը նա է, որ ինչո՞ւ երրորդ օրը համալրումը կանգնեցվեց, ինչո՞ւ բանակը վերածվեց «Էրատո» ջոկատների։ Նիկոլը 2,5 տարի շարունակ քքանդել է պետության հիմքերը։ Ես՝ Էդուարդ Շարմազանովս, իշխանության վերադառնալու ցանկություն չունեմ։ Իմ նպատակն է՝ այս հողատուին հեռացնել իշխանությունից, որ փրկենք Հայաստանի Հանրապետությունը։ Ապաշնորհ կառավարումն էլ է քրեական հոդված։ Նիկոլ Փաշինյանը կամ ապաշնորհ կառավարիչ է կամ դավաճան. 2 դեպքում էլ կամ ապուշ է կամ դավաճան է։ Ես 2,5 տարի է՝ այն քիչ գործիչներից եմ, որը ոչ թե հովարային անջատումներով է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել ու ասել, որ նա դավադիր է, այլ հենց առաջին օրը»,- ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երբ այն ժամանակ շատերը Փաշինյանի հետ շփվում էին, նրա հետ ձեռք էին բարձրացնում եւ բերում իշխանության, հիմա խելքի են եկել ու այս հրապարակում են։

«Մի մարդ, որը մերժում է Արցախի հերոսներին, որը Արցախի ուժերին անվանում է դավադիր ուժեր, որն արշավ է ձեռնարկել եկեղեցու նկատմամբ, որը քանդել է բանակը, որը կլուբնիկը վեր է ածել զենքից, որը Էրատո» ջոկատները վեր է ածել կանոնավոր բանակին, որն Ալիեւին կիրթ ու կառուցողական է անվանել»,- նշեց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ 2015-16 թվականներին դիմել են հայկական կողմին՝ Հայաստանում զենք-զինամթերք արտադրելու գործարան հիմնելու համար, սակայն մերժում են ստացել դրսից, քանի որ մասնաբաժին են ուզել Հայաստանից, Շարմազանովն արձագանքեց. «Ես տեղեկություն ունեմ, որ մեր իշխանության շրջանում 50 հազար տոննա անվճար զենք-զինամթերք է եկել ՌԴ-ից։ Տեղեկություն ունեմ, որ մենք 2016 թվականին հաղթել ենք, որ 2016 թվականին Ալիեւն էր բողոքում, որ իրեն պարտադրում են՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Ես տեղեկություն ունեմ, որ 4 օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը կանգնեցրեց պատերազմը։ Ես տեղեկություն ունեմ, որ Ապրիլյան պատերազմից հետո առաջին պաշտոնյան եմ եղել Մոսկվայում, եւ Ադրբեջանի ԱԺ նախագահին ինչ մտածել ասել եմ, ոչ թե սրանք նման կզած քայլել եմ։ Ապրիլից հետո Վիեննա ու Սանկտ Պետերբուրգ է եղել, որ Ալիեւի վզից բռնած Պուտինը բերել ու այդ հայտարարությունը ստորագրել է տվել»։

Տեղեկություններին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսնելով, որ Արցախի հարցը լուծելու համար այլ տարբերակ չէր մնացել, այդ պատճառով հեշտությամբ իշխանությունը հանձնեց Փաշինյանին, Շարմազանովն ասաց. «Ովքեր նման բան եմ ասում, գլուխները պատովն են տալիս։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին իշխանություն չի հանձնել, Սերժ Սարգսյանը հրաժարվել է այ այս ժողովրդի պահանջով։ Բացի Հանրապետական կուսակցությունից, ինձնից ու իմ ընկերներից որեւէ մեկը Փաշինյանի դեմ չէր պայքարում։ Իմ, Սերժ Սարգսյանի, Աշոտյանի, մեր թիմակիցների նկարներն էին ճղում։ Մեր բոլոր 3 նախագահները, Պաշտպանության բոլոր նախարարները, բոլոր վարչապետերը թուրքին ծնկի բերածներն են, իսկ այսօր Նիկոլը ժողովրդից թաքուն՝ «հաղթելու ենք» ասելով, բերեց դավադիր պարտության։ Հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որին ժողովուրդը պիտի «վզից վերցնի» եւ իրենց հեռացնի իշխանությունից»։

Տեսանյութեր

Լրահոս