Բաժիններ՝

«Տեսել են տեսանյութը և հաստատել՝ այնտեղ իրենց երեխաներն են». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի կարծիքով՝ հայ ժողովուրդը  երբևէ չպետք է մտածի, որ անվտանգության մասին հնարավոր է խոսել, երբ կա  Թուրքիայից կամ Ադրբեջանից սպառնացող վտանգը։

«Գուցե սա ժամանակավոր լուծում է, բայց անընդհատ ռիսկեր լինելու են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Ինչ վերաբերում է Խծաբերդի ու Հին Թաղերի հայկական դիրքերը հսկող հայ զինվորներին, որոնց հետ կապը, ըստ ՊԲ հաղորդագրության, անհայտ պայմաններում ընդհատվել է, ասաց, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ խոսքը տարբեր խմբերի մասին է, մի խմբի հետ չեն կարողանում կապ հաստատել, այսինքն՝ նրանք տարբեր տեղեր են, իսկ մյուս խմբի հետ արդեն խոսել է։

Նա նաև ընդգծեց, որ իր կողմից ընդունելի չեն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ որևէ հարաբերություն հաստատելու վերաբերյալ հայտարարությունները։

«Ըստ իս, եթե այդ մարդկանց հետ հնարավոր չէ սովորական սահմանը գծելուց անվտանգության երաշխիքներ ունենալ, մասնավորապես՝ ռուսական զորքի առկայության պայմաններում, ապա մնացած դեպքերում պետք է չափազանց զգուշավոր լինենք, որովհետև մեր մեջքի հետևում դարավոր պատմություն ունենք թողած»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 15-ին ԱԺ-ում վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ հանդիպմանը, Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ հանդիպման ժամանակ վարչապետին հարց է ուղղել՝ կապված ՄՈԲ-ի կազմակերպչական աշխատանքի հետ, ներկայացրել է խնդիրը և վարչապետից պատասխանը ստանալուց հետո դուրս է եկել։

Ինչ վերաբերում է Շիրակի մարզում բնակիչների կողմից ճանապարհները փակելուն՝ կապված գերիների հետ, պատգամավորն ասաց, որ գուցե բոլորի սպասումն այն է, որ պատերազմից հետո պետք է բացարձակ խաղաղություն լինի, բայց ինչպես 1994 թվականից հետո խաղաղություն չհաստատվեց, այնպես էլ այսօր չի կարող հաստատվել։

«Ճի՞շտ է արդյոք շիրակցիների կողմից փողոցները փակելը, կարծում եմ՝ այդ մարդիկ իրենց համար այս պահին հնարավոր լուծումներ են գտել, ինչո՞ւ չէ, նաև իրենց ձայնն ու իրավունքները բարձրաձայնելու համար։ Ես չպետք է գնահատեմ՝ ճի՞շտ են արել, թե՞ սխալ։ Այնպես որ, եթե չեն ուզում, որ փողոցը փակվի, պետք է րոպե շուտ գործեն, ես դրա համար գործում եմ։ Խնդիրն այստեղ ոչ թե փողոցը փակելու մասին է, այլ այն մտահոգությունների, որոնք ամբողջ գիշեր փոխանցել են ինձ այն իրավիճակը, որտեղ նմանեցրել են իրենց երեխաներին, պատկերացնում եմ իրենց։ Տեսել են տեսանյութը և հաստատել՝ այնտեղ իրենց երեխաներն են»,- նշեց նա։

Նա նաև հավելեց, որ պետական ինստիտուտներն աշխատում են, բայց այդ աշխատանքի ձևը, որակն ու ծավալն իրեն չի բավարարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս