Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամների հետ։ Ավելի վաղ նա հանդիպում էր ունեցել ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանի, «Հանրապետության» ղեկավար Արամ Սարգսյանի, ընդհուպ՝ Լևոն Շիրինյանի հետ, որը, պարզվում է, նաև ինչ-որ կուսակցություն ունի։
Այս հանդիպումները կլինեին ծիծաղելի, եթե երկիրը չլիներ այսքան ողբերգական իրավիճակում։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը երկրի համար այս ճակատագրական, պայթյունավտանգ օրերին հանդիպում է կուսակցությունների ղեկավարների հետ, որոնց անդամների հավաքական քանակը կբավականացնի առավելագույնը մեկ միկրոավտուբուս զբաղեցնելու համար։ Բայց այս հանդիպումները՝ ծիծաղելի ու ողբերգական լինելով հանդերձ, խոսում են իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի թաքնված հաշվարկների մասին։ Քանի որ նա այնքան է կտրված իրականությունից, որ մտածում է՝ դեռ ինչ-որ խորամանկությամբ կարող է պահպանել իշխանությունը, թերևս, քննարկում է նաև այդ նպատակի իրականացման սցենարներ։
Իսկ սցենարը կամ հաշվարկը շատ պարզ է կամ պարզունակ, ինչպես Նիկոլ Փաշինյանի իրականացրած ցանկացած քայլ։ Նա, ըստ ամենայնի, հասկանալով, որ ինչ-որ պահի արտահերթ ընտրություններն անխուսափելի են լինելու, անում է հնարավորը, որպեսզի ինքը լինի ընտրություններն անցկացնողն ու կազմակերպիչը։ Ահա այդտեղ է թաքնված շան գլուխը։ Այս անկուսակցություն կուսակցապետերի հետ հանդիպելով՝ Նիկոլ Փաշինյանն իրականում խոստովանում է, որ, եթե ինքը կազմակերպեց ընտրությունները, դրանք կեղծելու է անողոքաբար, մինչև վերջին քվեն։ Կեղծելու է այնպես ու այնքան, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպող այս անկուսակցություն կուսակցապետերի հետ «ֆեյք կոալիցիա» կազմի՝ պահպանելով իշխանությունը։
Հասկանալի է, որ այդ անմարդ կուսակցությունները չեն կարող հաղթահարել ոչ միայն ԱԺ անցնելու, այլ անգամ 1 տոկոսին հասնելու շեմը։ Բայց եթե ընտրության կազմակերպիչը լինի Նիկոլ Փաշինյանը, նրանք «կհայտնվեն» ԱԺ-ում՝ ընտրություններից հետո «Իմ քայլի» հետ կոալիցիա կազմելու նպատակով։ Իհարկե, այս սցենարի իրականացման հավանականությունը մոտավորապես այնքան է, որքան Իլհամ Ալիևին պատասխանելու՝ Նիկոլ Փաշինյանի համարձակությունը, այսինքն՝ զրոյական։ Բայց այս հանդիպումները շատ կարևոր են՝ որպես Նիկոլ Փաշինյանի՝ իրականությունից կտրված լինելու վկայություն և որպես հնարավորության դեպքում ընտրությունները կեղծելու պատրաստակամության մասին խոստովանություն, կամ որ նույնն է՝ հաղորդում հանցագործության մասին։
Արշավիր Իշխանյան