Բաժիններ՝

«Սանիթեքը» Հայաստանի դեմ պահանջ է ներկայացնելու ICSID դատարան

Արդեն շուրջ երկու տարի շարունակ Հայաստանի իրավապահ համակարգը, ի դեմս քննչական մարմինների, դատախազության և դատական ատյանների, ակնհայտորեն ենթարկվելով գործադիր իշխանության հրահանգների, ապօրինի քրեական հետապնդումներ է իրականացնում «Սանիթեք ընկերությունների» խմբի և իր բաժնետերերի դեմ, որոնք հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ. ապօրինաբար հարուցվում են քրեական տարատեսակ գործեր վերջինիս դեմ և այլն:

Մինչ օրս նշված քրեական գործերը չեն դադարեցվել։ Որևէ պաշտոնատար անձի մեղադրանք չի առաջադրվել, որևէ դրվագով հանցակազմ չի հաստատվել, գործերով չի հիմնավորվել հայտարարված որևէ խախտում։ Նախաքննությունն էլ այժմ փաստացի չի իրականացվում, և քրեական գործերն, ըստ էության, գտնվում են փակուղու մեջ։

Նշված քրեական գործերը շարունակությունն են Քաղաքապետարանի նախորդող ապօրինի գործողությունների և «Սանիթեքի» նկատմամբ ոչ իրավաչափ վարքագծի: Քաղաքապետարանը հրաժարվել է կատարել իր վճարման պարտականությունները «Սանիթեք ընկերությունների» խմբի նկատմամբ՝ նախաձեռնելով մի շարք անհիմն հայցեր: Բացի քրեական գործեր հարուցելու և անհիմն հաղորդումներ ներկայացնելուց, դատախազության և քննչական մարմինների ռեսուրսները անիմաստ սպառելուց, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է «Սանիթեք ընկերությունների» խմբի հետ կնքված պայմանագրերի լուծման ապօրինի գործընթաց՝ նպատակ հետապնդելով փոխանցել այդ պայմանագրերը, այդ թվում նաև՝ «Սանիթեքի» գույքը Քաղաքապետարանին պատկանող ընկերությանը։ Բացի «Սանիթեք»-ից ապօրինի կերպով բռնագրավված գույքից օգուտ ստանալու հանգամանքից, որը փոխանցվել է այդ նորաստեղծ ընկերությանը, Երևանի քաղաքապետարանն այսօր ծախսում է առնվազն 20 տոկոսով ավել գումար իր իսկ կողմից ստեղծված ընկերության միջոցով կազմակերպելով նույն ծառայությունները և միաժամանակ չվճարելով կիրառելի հարկերը, ինչի մասին կատարվել են բազմաթիվ հրապարակումներ:

Նշված գործողությունները հանգեցնում են «Սանիթեքի» ներդրումների էքսպրոպրիացիայի (ունեզրկում): Այս գործողությունների հետևանքով «Սանիթեք ընկերությունների» խումբը ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը և գնալ սնանկացման, ինչը, իհարկե, հանգեցրել է խիստ բացասական հետևանքների ընկերության բաժնետերերի համար:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել նաև, որ «Սանիթեք ընկերությունների» խումբը բազմիցս դիմել է գործող իշխանություններին բանակցային գործընթացի վերադառնալու վերաբերյալ՝ հայտնելով լրացուցիչ ներդրումներ կատարելու իր պատրաստակամությունը, սակայն որևէ արձագանք չի ստացվել և բոլոր դիմումներն ու համաձայնության գալու փորձերը մնացել են անհետևանք:
Ամիսներ շարունակ «Սանիթեք»-ը հույս ուներ, որ կատաղի պատերազմի և կործանարար համավարակի համատեքստում Հայաստանի իշխանությունը կդրսևորի բարի կամք և իրավիճակը հարթելու կամահայտնություն կհայտնի:

Այնուամենայնիվ, կառավարությունը շարունակեց ցանկացած համագործակցություն մերժելու և ժխտելու իր գործելաոճը՝ չթողնելով «Սանիթեք»-ին որևէ այլնտրանք, բացի սեղմ ժամկետներում Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID դատարան) ընդդեմ Հայաստանի պահանջ ներկայացնելուց՝ իր ներդրումների արժեքը վերականգնելու խնդրանքով, որը կազմելու է տասնյակ միլիոն դոլարներ։

«Սանիթեք» ընկերության տնօրինություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս