Ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում ժողովրդի վստահության չափման գործիքը հանրային դժգոհությունն է. Արևիկ Պետրոսյան․ news.am

Երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի լուծման իրավական հիմքերի շուրջ NEWS.am-ը զրուցել է Սահմանադրական դատարանի դատավոր Արեւիկ Պետրոսյանի հետ։

– Տիկին Պետրոսյան, այն, ինչ կատարվում է այսօր, հանրային տարբեր շրջանակների կողմից բնութագրվում է որպես իշխող ուժի կողմից ազգակործան և պետականակործան քաղաքականություն, ինչին իշխանությունը հակադարձում է, թե իշխանություն իրենք ստացել են ժողովրդից, շարունակում են վայելել  ժողովրդի վստահությունը, հետևաբար`  վարչապետի  հրաժարական  ներկայացնելու  հիմք չկա: Որո՞նք են ստեղծված իրավիճակից դուրս գալու սահմանադրական ճանապարհները:

– Իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահությունը ժողովրդավարության և արդյունավետ կառավարման երաշխիքներից են։ Սակայն, ժողովրդի վստահության չափման  եղանակները բարդ են և ամենօրյա ռեժիմով այն չես կարող չափել։ Ժողովրդի վստահության չափման հիմնական ինստիտուտը, անշուշտ, ընտրություններն են։ Ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում դրա չափման գործիքներն են հանրային դժգոհությունները, որոնք կարող են դրսևորվել ինչպես  զանգվածային լրատվությամբ, այսօր արդեն առավել տարածված սոցիալական ցանցերում, այնպես էլ հավաքների ժամանակ։ Կառավարման պառլամենտական ձևը հանրային դժգոհությունների, տրամադրությունների փոփոխության պարագայում հնարավորություն է տալիս իշխանական նոր կոալիցիաների կազմավորման, իշխանության ներսում վերադասավորումների և նոր կառավարությունների ձևավորման և, բնականաբար,  նոր ընտրությունների գնալ։ Եվ իրավական, և քաղաքագիտական առումով  սխալ է մի քանի տարի առաջ ժողովրդից ստացած վստահության պատճառաբանությամբ չնկատել հասարակական տրամադրություններում, իշխանության նկատմամբ վերաբերմունքում  առկա փոփոխությունները։ Ցանկացած իշխանություն, որը պառլամենտական կառավարման ձևի պայմաններում չի նկատի կամ չնկատելու կտա այս փոփոխությունները, կբախվի շատ ավելի  լուրջ ու բարդ խնդիրների, քանի որ չնկատելով էլ ավելի կմեծացնի  իշխանության և ժողովրդի միջև  օր օրի մեծացող անջրպետը։

Ժողովրդի վստահությունը չի կարող չարաշահվել, որի հետևանքները, կարող են, այո, կործանարար լինել ինչպես պետության, այնպես էլ ժողովրդի համար:

Ժողովուրդը միշտ կարող է գնահատել իր տված սահմանադրաիրավական պատվիրանների, իրեն ներկայացրած ծրագրերի ու խոստումների կատարումը և պահանջատեր լինել:

Քվե ստացած, առավել ևս իշխող քաղաքական ուժը, նրա ղեկավարը միշտ պետք է հիշեն` ոչ միայն պատասխանատու են իրենց քվե տված քաղաքացիների, այլ ողջ ժողովրդի առջև, այդ թվում` այն քաղաքացիների, ում քվեին չեն արժանացել:

– Նախօրեին Փաշինյանն իր ուղերձում նշեց, որ ժողովրդի կողմից տրված կարգավիճակից կարող է հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա, քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու է կատարել վարչապետի գործառույթները: Սա քաղաքակա՞ն, թե՞ սահմանադրական պատճառաբանություն է:

– Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

ժողովուրդն ուղղակի ընտրությամբ վարչապետ չի ընտրում: Սահմանադրությամբ հստակ սահմանված է վարչապետի ընտրության և նշանակման կարգը: Վարչապետ է դառնում Ազգային ժողովի մեծամասնության աջակցությունը վայելող անձը։ Վարչապետի հրաժարականի հետ կապված հարաբերությունները  սահմանված են Սահմանադրությամբ ու Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքով: Միջազգային պրակտիկան ևս վկայում է, որ ի տարբերություն նախագահական կամ կիսանախագահական կառավարման  համակարգ ունեցող երկրներում նախագահների հրաժարականների, պառլամենտական  կառավարման ձևի պայմաններում վարչապետերի հրաժարականներն առավել շատ հանդիպող երևույթներ են, որոնք հաջորդում են հանրության համար կարևոր իրադարձության կամ վարչապետի այս կամ այն ոլորտի քաղաքականության ձախողման։ Հաճախ անգամ հարկային բարեփոխման կամ քաղաքաշինության ոլորտի  ձախողումներն են դառնում կառավարությունների հրաժարականի պատճառ։ Թեպետ Սահմանադրության մեջ  գրված չէ, որ պարտվողական, ձախողված ռազմական գործողությունների, բազմահազար զոհեր տալու արդյունքում վարչապետերը հրաժարական են տալիս, սակայն եթե որևէ ցանկ փորձենք պատրաստել, թե որ դեպքերում պետք է վարչապետը հրաժարական տա, ապա վստահեցնում եմ, որ առաջին երկրորդ հորիզոնականներից մեկում լինելու է հենց դա։ Մենք այսօր ականատես ենք լինում, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողված կառավարություններն են հրաժարական տալիս, պատկերացրեք խայտառակ պարտությունը։

Մեկ այլ  հանգամանքի վրա էլ կցանկանայի  ուշադրություն հրավիրել,  որ լիազորություններն ստանձնած կառավարության անդամը, այդ թվում`վարչապետը, տալիս է հետևյալ երդումը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Երդման տեքստը  պարտավորեցնող է թե բարոյական, թե քաղաքական, և թե իրավական առումով: Երդմամբ իր լիազորությունը ստանձնածը առկա իրողություններից ելնելով պետք է հաշիվ տա, թե արդյոք կատարել է երդման պատվիրանները, եթե ոչ` ղեկավարի իր գործողությունները և կրի թե բարոյական, թե քաղաքական, թե իրավական պատասխանատվություն:

Ասելիքը, անշուշտ, ավելին է, սակայն քաղաքական զսպվածություն դրսևորելու պարտականությունս, կարծում եմ, իրավունք չի տալիս ավելին ասել։

Տեսանյութեր

Լրահոս