Հետնիկոլական Հայաստանի ուրվագծերը
Արցախյան 2-րդ պատերազմում հայոց պետության պարտությունն այլևս փաստ է: Իրավիճակում շտկում մտցնելու համար կարիք կա հասկանալ կատարվածի խորքային պատճառները: Բոլորին հասկանալի է, որ պարտությունը դավաճանական ակտի հետևանք էր: Առկա ցավը գիտակցելով` հասարակությունը պետք է խոստովանի, որ ինքնակամ ընտրել է դավաճանական իշխանություն, և այդ կետից կառուցի հետագա քայլերը:
Նման ինքնասպանությունը, թերևս, ունի իր բացատրությունները: Բարոյական անկումն ու դրանով սնուցված գունավոր հեղաշրջումն են սպասարկել գործակալական իշխանության հաստատումն ու պարտությունը պատերազմում:
Պատճառները պարզ են, դերակատարները՝ ևս, այժմ պետք է մտածել իրավիճակից դուրս գալու ելքերի մասին: Հասկանալի է նաև, որ գործող իշխանությունները քաղաքական դիակներ են, և այլևս կարիք կա խոսել հետնիկոլական Հայաստանի մասին: Ժամանակն է լրացնել այն դատարկությունը, որը ձևավորվել է վերջին 2,5 տարվա ընթացքում: Անհրաժեշտ է մի ձեռքով հաղթահարել դավադրության արդյունքում հասունացած ներքին ճգնաժամը, իսկ մյուս ձեռքով՝ կառուցել հայ ժողովրդի վաղվա օրը:
Հետնիկոլական Հայաստանի ուրվագծերը բխում են 2018թ.-ի գունավոր հեղաշրջման վերաիմաստավորումից, քանզի անհրաժեշտ է չեզոքացնել հեղաշրջման դավադիր հետևանքները և վերականգնել ազգային ու օրինական իշխանությունը երկրում:
2018թ.-ի գունավոր հեղաշրջումը նպատակ ուներ արմատապես և վերջնականորեն փոխել մեր ավանդական արժեհամակարգը: Ուլտրալիբերալ հակաարժեքներն էլ հետզհետե պետք է ներկայացնեին նոր կամ նիկոլական Հայաստանի դիմապատկերը: Բոլորդ հիշում եք տրանսգենդերի հայտնի ելույթն ԱԺ ամբիոնից, համասեռամոլների հարձակումը ոստիկանական բաժանմունքի վրա, և այսպես շարունակ:
Հաջորդ կարևոր առաքելությունը, որն ունեցել են դավադիր դրածոները, հանդիսացել է Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը: Վերջին 2,5 տարվա ընթացքում հետևողականորեն իրականացվել է ռուսական կողմնորոշման փոխարինում անգլոսաքսոնական բևեռով:
Գրեթե երաշխավորված է պարտությունդ, երբ դու հետապնդում ես երկրիդ նախագահներին, հալածում ես արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներին ու թիրախավորում հայ-ռուսական ռազմաքաղաքական միությունը:
Արցախյան երկրորդ պատերազմում պարտության առանցքային պատճառն այն էր, որ գունավոր հեղաշրջման քայլաշարն իրականացվում էր մեծամասնության լուռ համաձայնությամբ: Նման պայմաններում էլ գործող դավաճանական իշխանության պատվիրատուները ցանկանում էին գունավոր հեղաշրջումը հասցնել իր տրամաբանական ավարտին` գունավոր հեղափոխության:
Գունավոր հեղափոխությունն իրենից ենթադրում է հասարակարգի փոփոխություն` հասարակության մեջ դոմինանտ արժեհամակարգի տեղակալումը կեղծ արժեքներով և արտաքին քաղաքականության շեղումն ու օտարումը` մեր դեպքում՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խզում և անգլոսաքսոնական /փաստացի՝ թուրքական/ կողմնորոշում:
Մեր երկրում դավաճանների իշխանությունը, որ գործակալաբար վաճառել է Արցախը, ստել է հայ ժողովրդին, թաքցրել է զոհերի, վիրավորների ու անհետ կորածների իրական թիվը, անպատիվ կերպով շարունակում է իշխանավարել` առարկայական դարձնելով քաղաքացիական բախումները, տնտեսական կոլապսն ու նորանոր կորուստները: Եվ այդ ամենը միայն մեկ նպատակի համար, նպատակ, որին ձգտում է գործակալական իշխանությունն արդեն 2,5 տարի, այն է` գունավոր հեղաշրջումը գունավոր հեղափոխության վերածելու գործը:
Հասարակական բարոյալքումն այլևս կայացած փաստ է` պայմանավորված նաև պատերազմական շոկով և պարտվողի սինդրոմով: Հայ-ռուսական հարաբերությունները հասցվել են իրենց պատմական նվազագույնին, և ամեն կերպ փորձ է արվում պատերազմում կրած անփառունակ պարտությունը վերագրել ռուսական կողմին: Բնականաբար, դրանից հետո թափ հավաքող հակառուսական հիստերիայի հիման վրա հնարավոր կլինի իրականացնել արտաքին քաղաքական վերադասավորում: Պահանջելով ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռացումը Գյումրիից և վերնայելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները` Հայաստանն իրոք կարող է դառնալ սեփական գոյության արմատից կտրված և անխնա թալանի ու պոտենցիալ ցեղասպանության ենթակա գաղութ:
Այսպիսով, գունավոր հեղաշրջումը երկրում օրինական իշխանությունը տապալելու և հայրենիքը թշնամու գործակալներին հանձնելու ակտ էր: Այլևս փաստ է, որ «Մերժի՛ր Սերժին» կարգախոսի տակ ծպտված էին «Մերժի՛ր հաղթանակը», «Մերժի՛ր Արցախը», «Մերժի՛ր Հայաստանի Հանրապետությունը» թշնամական կոչերն ու ուղերձները:
Այդուհանդերձ, կա՛ փրկություն.
Նախ, դա՛րձ դեպի ավանդական արժեքային համակարգ:
Դարձ դեպի մեր ազգի անվտանգությունից և կայուն զարգացումից բխող արտաքին քաղաքականություն և վստահելի գործակցություն բարեկամ երկրների ու ռազմավարական դաշնակցի հետ:
Պարտությունն արցախյան երկրորդ պատերազմում՝ ինքնին հայկական պետականությունը կորցնելու սկզբնակետ էր: Եթե սույն պարտությունը գրեթե 2.5 տարի նպատակաուղղված պատրաստվում էր արտաքին գործակալական ցանցի կողմից, ապա փրկության դարձը կարող է առաջնորդվել միայն ազգային էլիտայի կողմից:
Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ ժողովրդավարությունը ոչ թե ամբոխի կողմից պետության ուղիղ կառավարումն է հրապարակներից, այլ սեփական ցավից ծնված էլիտաներ ունենալու հնարավորությունը: Մեր հասարակությունը պետք է մի կողմ դնի իր թունոտ նախանձախնդրությունը և թույլ տա, որպեսզի առաջադրվի Հայաստանի ապագային հավատացող և ազգային արժեքներ կրող ընտրանին` ինչպես մտավոր, այնպես էլ՝ հոգևոր, ռազմական, տնտեսական ու քաղաքական:
Առանց գործընթացները հասկանալու և կառավարելու ընդունակ ընտրանու՝ հայ ժողովուրդն ուղղակի դատապարտված է ջախջախման:
Ի՞նչ պետք է առաջնահերթ անի ազգային էլիտան:
Նախևառաջ կարիք կա հաղթահարել բարոյալքումը, ուրվագծել արցախյան ճակատում հնարավոր մարտահրավերները, ցույց տալ, որ Հայաստանն ունի ապագա, և կարիք կա այս ծանր ժամին չլքել նրան և պայքարել մեր բաղձալի ապագայի համար:
Ի՞նչ գործնական քայլեր պետք է ձեռնարկի առաջադրված էլիտան:
Թերևս, էական է վերանայել ողջ կրթադաստիարակչական համակարգը: Ծանր հարվածներ են հասցված ազգային հիմնարար սոցիալական ինստիտուտներին` ընտանիքին, դպրոցին, եկեղեցուն, բանակին, ԶԼՄ-ներին, մարդկային փոխհարաբերությունների տրամաբանությանը:
Անհրաժեշտ է, որպեսզի նոր որակի բարձրացվեն հայ-ռուսական հարաբերությունները, հաղթահարվի առկա անվստահությունը: Ահագնացող աղետին ընդառաջ՝ կենսականորեն կարևոր է զարգացնել ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ համագործակցային ներուժը: Կարևոր է հատկապես ռուսահայ սփյուռքի ներուժի օգտագործման ընդլայնումը: Սփյուռքի հատկապես այս հատվածն առավել սերտ է կապված մայր հայրենիքի հետ և ունի՝ ինչպես անհրաժեշտ միջոցներ, այնպես էլ՝ բավարար ցանկություն հայրենիքի վերհառնման գործին մասնակցելու համար:
Որպես հայկական պետության ինքնիշխանության ամրապնդման, դրա սնուցման կենսական զարկերակների ձեռքբերման երաշխիք՝ կարելի է դիտարկել նաև ՌԴ-ի հետ քաղաքական միության ձևավորման հեռանկարը: Տվյալ հեռանկարը ոչ թե անկախության կորուստ է, ինչպես ջանում են ներկայացնել ոմանք, այլ Հայաստանի երկարաժամկետ զարգացումն ապահովող կռվան և անվտանգ ու ուժեղ ինքնիշխանություն ունենալու կարևորագույն պայման: Այստեղ կարևոր է, որպեսզի մեր գործողությունները համաքայլ լինեն ռազմավարական դաշնակցի հետ` առանց շտապողականության և առանց դանդաղկոտության:
Ի հեճուկս մեր գոյության թշնամիների, մենք ասում ենք. Հայաստանը լինելո՛ւ է: Լինելո´ւ է առանց Նիկոլի և առանց այն գործակալական սարդոստայնի, որի ներկայացուցիչն է նա:
Լևոն Նազարյան
ՀՀԿ ԵԿ անդամ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ