«Ըստ Ալիևի GPS-ի՝ գյուղի ներքևի թաղը պետք է մնա իրենց, բայց դա ո՞նց կլինի, եթե տռասի տակ իրենք լինեն, տռասի գլխին էլ՝ հայերը». Շուռնուխի գյուղապետ
Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ համաձայնագրից հետո, դեռևս հստակ չէ, թե Սյունիքի մարզի կոնկրետ որ հատվածով Ադրբեջանը պետք է ցամաքային ճանապարհ ունենա Նախիջևանի հետ։ Թշնամու հետ սահմանները որոշվում են GPS-ով, և սա հիմք ընդունելով՝ ՀՀ տարբեր գերատեսչություններ չեն հստակեցնում, թե Սյունիքի որ քաղաքով կամ գյուղով պետք է թշնամին Ադրբեջանից հասնի Նախիջևան և հակառակը՝ սահմանների ճշտման հարցը թողել են GPS-ի հույսին։
Արդեն տևական ժամանակ տարբեր մարդիկ նշում են, որ այդ ճանապարհն անցնելու է Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքով, այսինքն՝ համայնքի մի հատվածը դառնալու է թշնամու համար ցամաքային ճանապարհ։
168.am-ի հետ զրույցում Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ չի կարծում, թե թշնամին կարող է համայնքով իրեն ճանապարհ բացել դեպի Նախիջևան։
«Մեր տղաները պոստերում կանգնած են, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Ըստ Ալիևի GPS-ի՝ գյուղի ներքև թաղը պետք է մնա իրենց, բայց դա ո՞նց կլինի, եթե տռասի տակ իրենք լինեն, տռասի գլխին էլ՝ հայերը։ Մեր պոստերը մոտավորապես թշնամուց 10-5 կմ առաջ դրած պահում ենք, որ չգան հասնեն գյուղ։ Եթե թշնամու ճանապարհն անցնում է Սյունիքով, ապա դա վտանգ է ոչ միայն մեր, այլև ամբողջ Հայաստանի համար։ Եթե նորից առևտրային քայլեր են անելու թշնամու հետ՝ աբսուրդ է, նման բան չի կարող լինել։ Եթե թշնամին Հայաստանի միջով իր ճանապարհն ունենա, գնա ու գա՝ վտանգավոր է, ու ամեն օր պետք է տեռորի սպասենք»,- նշեց Շուռնուխի համայնքապետը։
Նա ընդգծեց, որ 1992 թվականից սկսած Շուռնուխը հիմնականում բնակեցված է երկրապահներով, և անհրաժեշտության դեպքում հայրենիքի համար բոլորն էլ պատրաստ են զենքերը վայր չդնել։
Ինչ վերաբերում է տարածված խոսակցություններին, որ Շուռնուխի համայնքապետն ընտանիքի հետ լքել է գյուղը, Հակոբ Արշակյանը հերքեց, պնդելով, որ այդ ամենն ապատեղեկատվություն է .«Ես պոստի տղա եմ, ես ո՞ւր պետք է փախնեմ, իմ երեխաներն ու կինս այստեղ են, մենք գյուղում ենք ու որևէ տեղ էլ չենք գնացել»։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: