Անշարժ գույքի շուկան բախվել է հերթական փորձության

Համավարակի ու տնտեսական անկման հետևանքները դեռևս չմարսած, անշարժ գույքի շուկան սկսել է կրել նաև ղարաբաղյան պատերազմի անմիջական ազդեցությունը։ Ինչպես և սպասվում էր, հոկտեմբերին շուկայի բոլոր հատվածներում կտրուկ պասիվացում է արձանագրվել։

Թեև դա պատերազմի միայն առաջին և ուղղակի ազդեցությունն է։ Խորքային հետևանքները, որոնք կապված են բազմաթիվ այլ գործոնների հետ և սովորաբար շատ ավելի երկար ժամանակահատվածում են ի հայտ գալիս, դեռ հետո են արտահայտվելու։ Այս փուլում ունենք այն, որ շուկան կրկին խորը թմբիրի մեջ է։

Հոկտեմբերին, ինչպես պաշտոնական տվյալներն են վկայում, նվազել են ինչպես օտարման, այնպես էլ առք ու վաճառքի գործարքները։ Սրանք շուկայի այն 2 ամենակարևոր պարամետրերն են, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Օտարման գործարքները սեպտեմբերի համեմատ կրճատվել են՝ գրեթե 30, առք ու վաճառքինը՝ 29 տոկոսով։

Նախորդ տարվա նկատմամբ ևս առկա է լուրջ պասիվացում։ Եթե առք ու վաճառքը նվազել է՝ ավելի քան 21, ապա օտարումը՝ շուրջ 29 տոկոսով։

Չնայած այս երևույթն անշարժ գույքի շուկայում նոր չէ, այն ավելի վաղուց էր սկսվել, այնուհանդերձ օգոստոս-սեպտեմբերին որոշակի աշխուժություն նկատվեց։ Բայց պատերազմը կրկին կոտրեց շուկայի մեջքը։ Ու հիմա դժվար է ասել, թե երբ հնարավոր կլինի դուրս գալ այս իրավիճակից։ Խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարելի է պատկերացնել։

Տնտեսական իրավիճակն ու անկայունությունը լուրջ սպառնալիք են անշարժ գույքի շուկայի համար։ Զարմանալի չէ, որ շուկայի պասիվացումն ուղեկցվում է նաև գների նվազմամբ։

Ենթադրվում է, որ այդ պրոցեսն առաջիկայում ավելի կխորանա։ Գոնե այս պահին առկա չեն այն հիմքեր, որոնք կարող են փոխել ի հայտ եկած միտումները. տնտեսական գործընթացները դանդաղում են, տեղի է ունենում սոցիալական իրավիճակի վատացում, հասարակության եկամուտների նվազում ու գնողունակության անկում։ Այս բոլոր ուղղություններով առաջիկայում չկան դրական սպասումներ։ Ընդհակառակը՝ դրանց ավելացել են նաև ապագայի հետ կապված անորոշություններն ու ռիսկերը։

Անշարժ գույքի շուկան, իհարկե, կրում է ոչ միայն ներսից, այլև դրսից թելադրված ազդեցությունները։

Ժամանակին առկա ակտիվությունը, որը մեծապես կապված էր նաև դրսից ներկայացվող պահանջարկի հետ, հիմա էապես թուլացել է։ Պատճառներից մեկն էլ այն է, որ խաթարվել է՝ ինչպես ընդհանրապես, այնպես էլ՝ անշարժ գույքի շուկայի նկատմամբ եղած վստահությունը։ Երկրի անվտանգության ու անկայունության, տնտեսական իրավիճակի հետ կապված անորոշություններն այսօր այնքան շատ են, որ որևէ կերպ չեն նպաստում պահանջարկի ակտիվացմանը։

Շատ բան կախված կլինի հատկապես հետպատերազմյան շրջանի քաղաքական զարգացումների հանգուցալուծումից։ Չնայած պարտության հետևանքով երկրում ստեղծված ծանր մթնոլորտին, իշխանություններն առայժմ հակված չեն սթափ նայելու իրականության աչքերին։ Ընդհակառակը, մի բան էլ փորձում են հանուն իրենց աթոռների՝ խորացնել երկրում առկա քաղաքական ու տնտեսական ճգնաժամը։

Սրա հետևանքները կրելու են՝ ինչպես անշարժ գույքի շուկան, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսությունը։ Դեռ չհաշված ֆինանսական համակարգը։

Իշխանությունը կորցրել է վստահությունը, ու դա բոլոր առումներով ի վնաս երկրի է։ Ինչքան երկար պահպանվի այս վիճակը, այնքան վնասներն ավելանալու են։ Չգիտակցել սա և չգնալ համարժեք քայլերի լարվածությունը թուլացնելու համար՝ նշանակում է՝ միտումնավոր խորացնել ճգնաժամը։

Այսօր Հայաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ Ճգնաժամի մեջ է նաև անշարժ գույքի շուկան, ինչն արտահայտվում է թե՛ պահանջարկի անկմամբ, և թե՛ գների նվազմամբ։

Թե ինչ է տեղի ունենում գնային հատվածում՝ ներկայացնենք բնակարանային շուկայի օրինակով։

Մինչ այդ նշենք, որ հոկտեմբերին բնակարանային շուկան՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ Երևանից դուրս, գտնվել է պասիվ վիճակում։ Առք ու վաճառքի գործարքները նախորդ ամսվա համեմատ կրճատվել են՝ 20, նախորդ տարվա համեմատ՝ 30 տոկոսով։ Երևանում անկումը եղել է՝ ավելի քան 26, մարզերում՝ շուրջ 37 տոկոս։

Այս պրոցեսներն ուղեկցվել են գների նվազմամբ, որը չի դադարում դեռևս մայիսից սկսած։ Վեց ամսվա ընթացքում բնակարանների գները, ինչպես վկայում են Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալները, գրեթե վերադարձել են նախորդ տարվա մակարդակին։

Մասնավորապես մայրաքաղաքում հոկտեմբերին բնակարանների միջին գները նախորդ տարվա նույն ամսվանից բարձր են հազիվ 0,8 տոկոսով։ Մարզերում տարբերությունն ավելի քիչ է՝ ընդամենը 0,5 տոկոս։

Մայրաքաղաքի առնվազն 3 հատվածներում բնակարանների միջին գները նույնիսկ զիջում են նախորդ տարվա մակարդակը։ Խոսքը  Կենտրոնի, Դավիթաշենի և Նուբարաշենի մասին է։

Նուբարաշենում միջին գները հոկտեմբերին 4,3 տոկոսով ցածր են եղել նախորդ տարվա հոկտեմբերից։ Այդ նույն ժամանակահատվածում Դավիթաշենում բնակարաններն էժանացել են՝ 2,5, Կենտրոնում՝ 1,5 տոկոսի չափով։

Եթե անցած տարվա հոկտեմբերին Երևանի կենտրոնում բնակարանների միջին գները, ըստ պաշտոնական տվյալների, 630 հազար դրամ էին, ապա այս տարվա հոկտեմբերին եղել են 620 հազար դրամ։ Մեկ տարվա կտրվածքով, Դավիթաշենում էժանացումը յուրաքանչյուր մետրի հաշվով կազմել է 8 հազար դրամ։ Հոկտեմբերին միջին գինը Երևանի այս հատվածում տատանվել է 322 հազար դրամի սահմաններում։

Նուբարաշենի դեպքում ևս բնակարանների միջին գները նախորդ տարվանից պակաս են շուրջ 8 հազար դրամով։

Մայրաքաղաքի մյուս վարչական շրջանումներում չնայած միջին գները դեռևս ավելի բարձր են, քան նախորդ տարի էր, այնուհանդերձ առանձին հատվածներում կան գնանկումային երևույթներ։ Երբեմն նույնիսկ շատ կտրուկ։ Ասենք՝ Աջափնյակի 4-րդ գոտում հոկտեմբերին բնակարանների միջին գները 7,4 տոկոսով ավելի ցածր են եղել, քան նախորդ տարի։ Գումարային արտահայտությամբ դա համարժեք է եղել 1 քառ. մետրի հաշվով 25 հազար դրամի։

Անշարժ գույքի շուկայի այս իրավիճակը, անշուշտ, բխում է այն միջավայրից, որի մեջ Հայաստանը հայտնվել է։ Մի կողմից՝ համավարակն ու տնտեսական անկումը, մյուս կողմից՝ ղարաբաղյան պատերազմի ծանր հետևանքները, երկիրը կանգնեցրել են լրջագույն խնդիրների առաջ։ Այդ իրավիճակից դուրս գալու իշխանությունների անկարողությունն էլ ավելի է խորացրել ճգնաժամը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս