Միքայել Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կազմակերպած «Գետաշեն» օպերացիայի մասին
«ՀՀ-ն 2,5 տարի մերժել է իրականության բոլոր դրսևորումները, աշխարհաքաղաքական բալանսները, արտաքին քաղաքականությունը, մերժել է ամեն ինչ։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն իր ստի կայսրության միջոցով մերժում էր իրականությունը, և ցավոք սրտի, հայ ժողովուրդը մեծ հաճույքով ընկել էր այդ թակարդը, որովհետև մենք բոլորս տեսնում էինք մի բան, բայց կուրորեն հավատում էինք մի ուրիշ բանի։ Նիկոլ Փաշինյանի ստեղծած Հայաստանում ընդհանրապես չկար հիշողություն և պատճառահետևանքային կապ»,-իր «Ռեքվիեմ» տեսաշարի երկրորդ մասում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ նկատելով, որ երբ սկսվեց պատերազմը Հայաստանը զգետնվեց իրականությանը։
«Իրականությունը եկավ և խփեց մեզ։ Այդ իրականությունը շարունակ փորձել է մեզ արթնացնել՝ կորոնավիրուսի տեսքով, տնտեսական անկման տեսքով, պատերազմի կոնկրետ, հստակ ինֆորմացիայի տեսքով, Թուրքիայի և Ադրբեջանի վարժանքների տեսքով, բայց մենք նախընտրել ենք հավատալ այն Հայաստանին։ Ես աղոթում էի, որ գոնե սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը կառերեսվի իրականության հետ, և հայ ժողովուրդը կառերեսվի իրականության հետ։ Նիկոլ Փաշինյանը իրականության և ոչ իրականության մեջ ընտրեց սուտը և սկսեց մտածված, կազմակերպված օպերացիա՝ հաղթելու ենք»,-ասաց նա։
Միքայել Մինասյանը խոսեց նաև պատերազմի ընթացքում Փաշինյանի տիկնոջ Արցախ գործուղվելու մասին․ «Աննա Հակոբյանը Արցախում ուներ մի քանի գործառույթ՝ նա իրականցնում էր մեծ ցենզորի դերը, որպեսզի հանկարծ չթողնի, որ պատերազմի գիտակները կարողանան օգնել զորքին։ Հիշեցնում եմ, որ կարկառուն ներկայացուցիչներ նախորդ պատերազմի հերոսներ գեներալնել՝ Կարապետյանը, Լևոն Մնացականյանը, Վիտալի Բալասանյանը պատերազմի մեծ մասը եղել են սպասողի և խնդրողի դերում։ Նրանք սպասում էին՝ երբ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը նրանց թույլ կտան պաշտպանել հայրենիքը և խնդրում էին, որ իրենց տան հնարավորություն, որ իրենց փորձը և գիտելիքը դնեն՝ ի շահ ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի։ Իսկ Աննայի ամենակարևոր գործառույթը՝ կոորդինացնել «հաղթելու ենք» PR արշավը»։
Նախկին դեսպանը նշեց, որ պատերազմի սկզբում հայկական կողմն արդեն կորցրել էր Մատաղիսի մի մասը և Թալիշի մի մասը․ «Հիշեցնում եմ ձեզ, որ Եվրոնյուզը հրապարակեց կադրեր կոնկրետ Թալիշից։ Ի պատասխան դրան՝ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը սկսեցին Գետաշենի ազատագրման օպերացիան։ Թատրոնի հերոսներն էին ֆեյսբուքի կապիկ Արայիկը (նկատի ունի ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին․-Ռ․Մ․), որը զբաղված էր ամեն ինչով, բայց ոչ իր պատերազմող երկիրը ղեկավարելով․ սուրճ էր խմում զինվորների հետ, գնում էր հիմար ելույթներ էր ունենում։
Մյուս կապիկը Արծրունն էր․ Արծրուն Հովհաննիսյանը չի հանդիսանում ՊՆ լրատվական ծառայության աշխատող կամ սպա։ ՀՀ ՊՆ-ն ունի լրատվական վարչություն՝ վարչության պետ և մամուլի խոսնակ։ Դրանցից ոչ մեկը Արծրունը չէ, նա Մոնթե Մելքոնյան վարժարանում դասախոս է, բայց Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը ընտրեցին Արծրունին, որն ստանում էր հանձնարարականներ և հնչեցնում «հաղթելու ենք» թեզերը։ Երբ Նիկոլն ու Աննան հասկանում են, որ իրականության և այդ իրականության մեջ ճեղքվածքը մեծանում է, սկսեցին ազատագրել Գետաշենը։ Օպերացիան շատ պարզ էր․ սկզբում մի փոքրամարմին աղջիկ գրող գրում է, որ՝ ինձ տեղեկություններ են հասել, որ մեր տղաները մտան Գետաշեն։ Դրանից հետո միանգամից ՊՈԱԿ-ի ֆեյքերը սկսում են այդ ինֆորմացիան տարածել, կիսվել։
Դրանից հետո միանգամից կիսամարդիկ՝ ԱԺ պատգամավոր կոչվածները և կառավարության կիսամարդիկ, սկսում են տարածել՝ շուտով լինելու է լավ նորություն։ Այնուհետև ՊՈԱԿ-ի կողմից պատրաստված նյութ է մտնում հայկական աշխարհ․ դա կայծակնային արագությամբ տարածվում է, որից հետո Արծրուն Հովհաննիսյանը խորիմաստ ժպիտով չի հերքում։ Այդպես մենք ազատագրեցինք Գետաշենը, իսկ այդ ընթացքում հազարավոր տղաներ զոհվում էին և մենք կորցնում էինք հայրենիքը․ հայրենիքը կորավ Նիկոլի պսևդո իրաականության, հաղթելու ենք իրականության և պատերազմի դաժան իրականության մեջտեղում։ Այդ անդունդում են մեր տղաները»։
Նա ընդգծեց՝ ՀՀ և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կատարվածը քրեորեն հետապնդվող դավաճանություն է․ «Նրանց արածը պետական և ազգային մտածված, իմացված, կազմակերպված դավաճանություն է։ Նրանք դավաճանների բանդա են»։