Հայրենիքի փրկության շարժումը՝ միակ ելք. Այգեշատ համայնքի հայտարարությունը
ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ (Արմավիր) համայնքի համայնքապետը, համայնքապետարանն ու ավագանու անդամները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունը համարում ճգնաժամից դուրս գալու միակ ելքը: Այս մասին համայնքապետարանը տարածել է հայտարարություն։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված խայտառակ կապիտուլյացիայի ակտի արդյունքում կորցնելով Հայրենիքի զգալի մասը, տալով հազարավոր զոհեր, գերիներ, անհայտ կորածներ, Արմավիրի մարզի Այգեշատի (Արմավիր) համայնքապետարանը, համայնքի ավագանին, համայնքի ղեկավարը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՀՀ վարչապետի պաշտոնից եւ առաջարկում անհապաղ իրականացնել հետեւյալ գործառույթները.
1. Դադարեցնե՛լ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ ստորագրած հայտարարության գործողությունը, մինչեւ չվերադարձվեն ռազմագերիները, զոհված հայորդիների դիերը եւ չհստակեցվի անհետ կորածների ճակատագիրը:
2. Արգելե՛լ բոլոր պետական պաշտոնյաների եւ իրենց ընտանիքի անդամների ելքը Հայաստանի Հանրապետությունից:
3. Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունը համարել ճգնաժամից դուրս գալու միակ ելքը»: