Երևում է, որ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հավակնությունները մինչև վերջ բավարարված չեն․ Նալբանդյան

«Այս իրավիճակում բացարձակ չի կարելի լռել, թե ով է խախտել հրադադարը»,- այս մասին «SputnikԱրմենիա»-ի եթերում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում. հայացք Մոսկվայից և Երևանից» վերտառությամբ կլոր սեղանի ընթացքում ասաց ՄՄՀՊԻ-ի պատվավոր դոկտոր, Հայաստանի նախկին արտգործնախարար (2008-2018) Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե ՌԴ-ն դուրս է բերել կարգավիճակի հարցի դիտարկումը բանակցային գործընթացից։

Նալբանդյանի դիտարկմամբ՝ շատ սխալ է ասելը, որ Ռուսաստանը, առավել ևս՝ մեր դաշնակից Ռուսաստանը, կարգավիճակի հարցը դուրս է բերել բանակցային գործընթացից։

Նրա գնահատմամբ, դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ողջ բանակցային գործընթացի փուլում վերջնական կարգավիճակի, միջանկյալ կարգավիճակի հարցը առկա է եղել բոլոր աշխատանքային փաստաթղթերում՝ մինչ Կազանը, Կազանում և Կազանից հետո։

Նա նշեց, որ պետք է հասկանալ, որ եղել է Կազան, որից հրաժարվել է ոչ Հայաստանը, այլ Ադրբեջանը, բայց Կազանից հետո ևս բանակցությունները շարունակվել են, և դրանք շարունակվել են ոչ միայն համանախագահների մակարդակով, այլև նախագահական մակարդակով։

Նալբանդյանը հիշեցրեց, թե ինչ բարձր մակարդակի հայտարարություններ են արվել Մեծ Քսանյակի շրջանակում և այդ հայտարարություններում անընդհատ նշվել է հիմնարար սկզբունքների վրա աշխատանքի կարևորությունը և հիմնական պարամետրերի, իսկ հիմնական պարամետրերը, գլխավորները՝ միջանկյալ կարգավիճակ և վերջնական կարգավիճակ։

ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը պարզաբանեց՝ ի՞նչ է վերջնական կարգավիճակը։

«Վերջնական կարգավիճակը պետք է հստակեցվեր ԼՂ բնակչության կողմից ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենար միջազգային իրավական ուժ, այսինքն՝ կլիներ պարտադիր բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի համար, հստակորեն որոշված էր, որ բոլոր հարցերը, որոնք դրվելու են քվեարկության, որևէ բանով սահմանափակված չեն լինելու, այսինքն՝ ենթադրվում էր ցանկացած վերջնական կարգավիճակ ԼՂ-ի համար, հստակեցված էր տոկոսային հարաբերակցությունը էթնիկական մասնակցության այդ ազատ կամարտահայտությանը, որը նշանակում էր, որ ինչպես 1988 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի տվյալների հիման վրա, այսինքն՝ պարզ էր տոկոսային հարաբերակցությունը, և չափազանց կարևոր է, որ այդ վերջնական կարգավիճակից առաջ հստակեցվում էր միջանկյալ կարգավիճակը, որից խոսեցի։

Ներկայիս իրավիճակում, երբ պատերազմ է տեղի ունեցել և լիովին փոխվել է կոնֆիգուրացիան տեղում, ինչպես երևում է, բարդ է այս պահին խոսել վերջնական կարգավիճակի մասին այսօր կամ կարգավիճակի հարցի լուծման մասին մոտ ապագայում, բայց այդ հարցը գոյություն ունի, դա փաստ է՝ չնայած Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որ՝ վերջ, ոչ մի կարգավիճակ չի կարող քննարկվել։ Այդ դեպքում ինչի՞ շուրջ էին ընթանում բանակցություններն այսքան տարիներ։ Ամենակարևորն այս իրավիճակում, որ համանախագահներն այս տարիների ընթացքում խոսել են երեք սկզբունքների մասին՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում և ուժի կիրառման սպառնալիքի չկիրառում։ Վերջին հայտարարությունում նշանակալի է, որ համանախագահներն ասում են, որ չպետք է կիրառվի ուժ, տարածքային ամբողջականության հարցը Ադրբեջանը իբրև թե լուծել է, իսկ ո՞ւր կորավ ինքնորոշումը»,- նման հարցեր առաջադրեց Նալբանդյանը։

Նրա խոսքով, դրանք են այն հարցերը, որոնք կարող են դառնալ բանակցությունների առարկա։ Ըստ Նալբանդյանի, սրանց հետ նաև ամենակարևորը՝ ուժի չկիրառում։ «Մենք երեկ Ադրբեջանի զորահանդեսի ընթացքում լսեցինք ռազմատենչ ելույթներ Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից, որը տարածքային պահանջներ առաջ քաշեց Հայաստանին, որ Ադրբեջանի պատմական հողերը Երևանը, Սևանը և Զանգեզուրն են, իսկ Էրդողանն իր ելույթում աննախադեպ կուլբիտ ցուցադրեց՝ հայտարարելով, թե այս օրը լուսավորում է հիշատակը կամ հոգիները այնպիսի մեծ գործիչների, ինչպիսիք են Էնվեր փաշան և Նուրի փաշան և իսլամակովկասյան բանակի զինյալները, դրանք հենց Հայոց ցեղասպանության իրականացնողներն են, այդ թվում՝ հետագա գործընթացները, սա շատ հարցեր է առաջադրում՝ երևում է, որ և Թուրքիայի, և Ադրբեջանի հավակնությունները մինչև վերջ բավարարված չեն, իսկ մյուս կողմից՝ սպառնալիք է հետագա գործողությունների նրանց կողմից։ Այս իրավիճակում բացարձակ չի կարելի լռել, թե ով է խախտել հրադադարը»,- ընդգծեց Նալբանդյանը։

Նրա որակմամբ՝ բացարձակ պարզ է, որ հրադադարը խախտել է Ադրբեջանը։ «Տարօրինակ է, որ դրա վրա պետք է աչքերը փակել, աչք փակելը դրա վրա կարող է հանգեցնել այնպիսի հայտարարությունների, որոնք հնչեցին երեկ Բաքվի զորահանդեսի ընթացքում»,- հայտարարեց Նալբանդյանը։

Տեսանյութեր

Լրահոս