Հմայված եմ բնությամբ, մարդկանցով և խոհանոցով․ բրիտանացի բժիշկը Հայաստան է ժամանել COVID-19-ի դեմ պայքարելու համար
Բժիշկ, Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբի անդամ Փոլ Ռանսոմը, ով արդեն չորրորդ անգամ է այցելում Հայաստան, այժմ եկել է COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացի վերահսկման ժամանակ հայ բժիշկներին աջակցելու համար։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Ռանսոմը նշեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել հանքարդյունաբերական գործունեություն իրականացնող մի կազմակերպության համար։ «Առաջին անգամ, երբ եկա Հայաստան՝ աշխատում էի հանքարդյունաբերական գործունեություն ծավալող մի կազմակերպության հետ։ Ես մասնագիտությամբ բժիշկ եմ և աշխատանքիս մի մասն էլ մարդկանց ուսում տալն է»,- նշեց Փոլը և հավելեց, որ այն ժամանակ նա սովորեցրել է, թե ինչ է պետք անել, եթե հանքարդյունաբերության աշխատանքների ժամանակ որևէ մեկը վնասվի։
Փոլ Ռանսոմը Հայաստանում COVID-19 համավարակի բուժումն արդյունավետ է համարում
Բժշկի կարծիքով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը լավ աշխատանք է իրականացրել և իրականացնում COVID-19 համավարակի դեմ պայքարելու ուղղությամբ։ Նա ընդգծեց, որ այդ ոլորտում կայացրած բոլոր որոշումները հիմնականում ճիշտ են եղել։
«Այն բուժումը, որ այստեղ իրականացվել է, մեծամասամբ նման է այն բուժմանը, որ մենք ենք իրականացնում։ Կան որոշ տարբերություններ, սակայն դրանք չնչին են։ Սա շատ դաժան հիվանդություն է, մենք շատերին ենք տեսել, որոնք ծանր հիվանդ են եղել, տեսել ենք նաև նրանց, ովքեր մահացել են։ Կարծում եմ, որ Հայաստանում COVID-19-ի բուժման մեթոդները բավականին լավն են և արդյունավետ»,- ասաց Փոլը և հավելեց, որ Հայաստանում աշխատել է 2 ԲԿ-ում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Նորքի ինֆեկցիոն»։
Նրա խոսքով՝ Հայաստանում արվում է այն ամենն, ինչ իրենք անում են Մեծ Բրիտանիայում։ Բժիշկն անկեղծացավ և հայտնեց, որ որոշ բաներ իրենք Անգլիայում ավելի լավ են անում, սակայն ինչ-որ բաներ էլ Հայաստանում են ավելի լավ իրականացվում։
«Սա երկկողմանի գործընթաց է և կատարվում է փորձի փոխանակում։ Ես այստեղ ընկերներ ունեմ և Հայաստանն այն երկիրն է, որը ես գիտեմ և սիրում եմ, այդ պատճառով ընտրել եմ COVID-19-ի ժամանակ հենց Հայաստանին օգնելու առաքելությունը։ Ես մի փոքր տիրապետում եմ ռուսերենին, և դա ինձ համար հեշտացնում է Հայաստանում շփումը»,- ասաց Ռանսոմը։
3 պատճառ Հայաստան գալու համար
Բժիշկն ընդգծեց, որ Հայաստանը շատ գեղեցիկ է համարում և հմայված է բնությամբ։ Եղել է Սևանում, Գյումրիում, Սպիտակում և Երևանում։
«Առաջին հերթին ինձ համար կարևոր են այն մարդիկ ում ես այստեղ ճանաչում եմ արդեն երկար տարիներ։ Երկրորդ պատճառը, որի համար ես գալիս եմ Հայաստան, գեղեցիկ բնությունն է, որը ձգողական ուժ ունի։ Շատ կարևոր պատճառներից մեկն էլ այստեղի խոհանոցն է. ուտեստներն անմահական են բոլոր ռեստորաններում, որտեղ եղել ենք, ամեն ինչ շատ համեղ է եղել։ Շատ եմ հավանել քյաբաբները, ինչպես նաև ժենգյալով հացը։ Կարող եմ ասել, որ ես գինի չեմ խմում, սակայն հայկական գինին իրոք շատ համեղ է»,- ընդգծեց Փոլը։