«Թուրքերի հետ ի՞նչ պայմանով եք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, հարց եմ տալիս». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները լսելով՝ կապված Սևանը, Երևանն ու Զանգեզուրը «սեփական հայրենիք» անվանելու հետ, անասելի ամոթ է զգացել։

«Ալիևի այդ հայտարություններն իր բացասական ու տհաճ հետքը թողեց այն ժամանակ, երբ Ռուսաստանի պաշտոնատար անձինք ավելի շուտ արձագանքեցին մեզ համար այդ ստորացուցիչ հայտարարություններին, քան ՀՀ պատկան մարմինները։ Իսկապես ցավում եմ, որ ՀՀ կառավարությունից և վարչապետի մամուլի խոսնակից շուրջ 8 ժամ պահանջվեց, որպեսզի անբովանդակ արձագանքով հանդես գային և պատասխանեին Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին։ Իհարկե, հասկանում եմ, որ ամեն անգամ ընդդիմության այս կամ այն ներկայացուցչի ելույթից հետո  վարչապետն աճապարում է լայվ անել ու արձագանքել բոլոր թեզերին։ Պատերազմից հետո վարչապետը որևէ անգամ չի ունեցել այնքան համարձակություն, որ արձագանքի Ալիևի մինչև այս պահը հնչեցրած ստորացուցիչ հայտարարություններին։ Փոխարենը՝ նա չի զլանում, օրինակ, կորցրած օծանելիքի, ժամացույցի վերաբերյալ հանդես գալ ստատուսով»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Իվետա Տոնոյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ հավելեց, որ Թուրքիան և Ադրբեջանը վաղուց տարածքային պրետենզիաներ են ներկայացնում Հայաստանի տարածքների նկատմամբ։

«Նրանք անում են հայտարարություններ, որ Երևանը, Զանգեզուրը, Սևանը, ամբողջ ՀՀ տարածքը թուրքական է, և այդ ֆոնի վրա ՀՀ իշխանություններն ասում են, թե՝  գնանք դիվանագիտական հարաբերություններ հաստատենք։ Ես չեմ հասկանում, սա արդեն աննորմալություն է, կա՛մ չեն հասկանում, կա՛մ միտումնավոր են անում: Ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատես մի երկրի հետ, ով տարածքային պրետենզիա է ներկայացնում մեր մայրաքաղաքի նկատմամբ։

Կարո՞ղ է արդեն պայմանավորվել են, ինչ-որ բան են խոստացել: Ես չեմ հավատում, որ այդ մարդիկ, որոնք փորձում են «մերձեցման» քայլեր անել, դա չեն հասկանում, բայց պատճառն ինչո՞ւմն է: Թուրքերի հետ ի՞նչ պայմանով եք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, հարց եմ տալիս։ Ասեմ` ինչ պայմանով՝ Թուրքիան միանշանակ պայման է դնելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել օրակարգից, հանելո՞ւ են, Ադրբեջանը պայման է դնելու, ի՞նչ Արցախի Հանրապետություն, ձեզ ճանապարհ են տալիս՝ եղբայրություն, ընկերություն: Ձե՞ռ են առնում, ի՞նչ են անում»,- շեշտեց Արման Աբովյանը:

Տեսանյութեր

Լրահոս