Ռուսաստանը և Սիրիան Այն Իսա քաղաքում կառուցելու են ռազմական դիտակետեր

Սիրիայի հյուսիսում M4 մայրուղու վրա գտնվող ռազմավարական Այն Իսա քաղաքատիպ ավանում, որը ժամանակին Թուրքիայի աջակցությամբ գործող խմբերի կողմից հրետանային կրակի տակ էր պահվում, «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF), Ռուսաստանի և Սիրիայի բանակները համաձայնություն են ձեռք բերել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, ըստ վերոնշյալ համաձայնագրի՝ այդ շրջանում հրադադարի ռեժիմի պահպանումը հսկելու նպատակով կառուցվելու է 3 համատեղ ռազմական դիտակետ։ Լուրը հաստատվել է նաև Թել Աբյադի ռազմական խորհրդի հրամանատար Ռիյադ Հալեֆի կողմից։

Ենթադրաբար, անցյալ շաբաթ Այն Իսայի ռուսական բազայում ռուսական և սիրիական բանակի սպաները հանդիպել են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատարների հետ, որպեսզի քննարկեն այս հարցը: Այն Իսայի ռազմական խորհրդի աղբյուրներից մեկը քրդական Rudaw գործակալությանը ուղղած հայտարարության մեջ նշել է, որ ռուս սպաները Թուրքիայի ԶՈՒ աջակցությամբ զինված խմբավորումների այդ տարածք ներխուժումները որակել են որպես՝ լուրջ սպառնալիք։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև 2019թ․ հոկտեմբերին ստորագրված Սոչիի համաձայնագիրը նախատեսում էր «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» դուրսբերումը՝ սահմանից 32 կիլոմետր հարավ: «Սիրիայի ժողովրդավարական ուժերը», վկայակոչելով այն հանգամանքը, որ Այն Իսան Թուրքիայի հետ սահմանից մոտ 37 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, պնդում են, որ քաղաքում տեղի ունեցող մարտերը հրադադարի ռեժիմի խախտում են:

Էմմա Արդարյան

Տեսանյութեր

Լրահոս