«Էջմիածնի քաղաքապետ, ո՞ւր ես, եթե լիներ աթոռի պայքար, հիմա բոլորը մեր ոտքերի տակ ընկած խնդրելու էին». անհետ կորած զինծառայողի մայր
«Ժողովուրդ, ո՞ւր է մեր քաղաքապետը, ո՞ւր են մեր պատգամավորները, ընկել էին ժողովրդի ոտքերը, որ իրենց ընտրեին, ո՞ւր են»,- այսօր Էջմիածնի N զորամասի դիմաց ասաց նույն զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, որը անհետ կորած 34 զինծառայողների հարազատների հետ վաղ առավոտից շտապել էր նշված զորամաս, պարզելու, թե ի՞նչ լուր ունեն տղաներից:
«Էջմիածնի քաղաքապետ, ո՞ւր ես դու, գոյություն ունե՞ս ընդհանրապես, ո՞ւր ես: Էջմիածնի զորամասը պետական հաստատություն է, 51 օր է՝ այստեղ ենք, ո՞ւր է մեր քաղաքապետը, թող գա, միանա ծնողներին, ասի՝ ժողովուրդ ջան, ես ձեր կողքին եմ, գնում ենք այստեղ, գնում ենք այնտեղ: Չեն էլ գալու, կարևորը՝ իրենց անկյունը տաք է, իրենք լավ դիրքավորված են, վերջ: Ընտրություններին էլի կգան կխնդրեն. Եթե այստեղ լիներ աթոռի պայքար, հիմա բոլորը մեր ոտքերի տակ ընկած խնդրելու էին, բայց որ մեր հերոս տղերքի հարցն է՝ ոչ մեկը մեր կողքին չէ, ոչ մեկը: Թող գան, քաղաքապետն ո՞ւր է՝ Դիաննա Գասպարյանը, ո՞ւր են մեր պատգամավորները, չկա՛ն: Պահանջում ենք, Դիանա Գասպարյան, դուրս արի, միացիր մեզ, կա՞ս, թե՞ չկաս: Ընկել էր փողոցներով, որ ձայն հավաքեր, ո՞ւր է»,- ասաց Անահիտ Ադոյանը:
Զինծառայողի մոր խոսքով՝ այլ տարբերակ չկա, քան նման ձևով պայքարելը, որպեսզի Արցախի նշված հատվածում սկսվեն որոնողական աշխատանքները.
«Ուրիշ ճար ունե՞նք, մեր երեխեքը՝ ցրտին, անձրևին, ձյանը… մեր երեխեքն այնտեղ են, մենք վստահ ենք, որ մեր բոլոր երեխեքն էլ ողջ են, անգամ հնարավոր է՝ իրենք էլ գիտեն, որ մեր երեխեքը ողջ են, բայց իրենց ձեռք չի տա, որ մեր երեխեքը տեղ հասնեն, որովհետև իրենք ունեն մութ անկյուն, գաղտնիք է թաքնված այս ամենի տակ»:
Հիշեցնենք, որ 50 օրից ավելի է, ինչ Էջմիածնի N զորամասի զինծառայողները մեկնել են մարտական գործողություններին մասնակցելու, սակայն շրջափակման մեջ էին հայտնվել, և միայն մի մասին էր հաջողվել դուրս գալ: 34 զինծառայողների հարազատները, 50 օրից ավելի է, լուր չունեն իրենց հարազատներից և պահանջում են, որպեսզի կառավարությունը, Պաշտպանության նախարարությունը քայլեր ձեռնարկեն, որ այդ հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն:
Մանրամասները՝ տեսանյութում