«Դա ժողովուրդ չի. բաշիբոզուկներ էին». Ալեն Սիմոնյանը՝ նոյեմբերի 10-ի իրադարձությունների մասին

Երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կրկին հնչեցեց իր այն միտքը, որ Արցախի հարցի լուծման տարբերակն ընդունելի պետք է լինի հայ, արցախցի և ադրբեջանցի ժողովուրդների կողմից:

Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե էլ ի՞նչ անակնկալներ է պատրաստել Նիկոլ Փաշինյանը, երբ նման հայտարարություն է անում, այն դեպքում, երբ թշնամին արդեն Սյունիքում է:

«Ադրբեջանը Երևանի մասին էլ է խոսել և այդպիսի շահարկումներով զբաղվելը և ադրբեջանական մամուլի հիման վրա  մեր ներքին օրակարգը ձևավորելը՝ ճիշտ չէ, որովհետև մենք էլ իրենց հետ ենք նման բան արել: Չնայած հիմա հայկական մամուլն ավելի շատ զբաղված է իրար վրա ցեխ շպրտելու տրամաբանությամբ, որը շատ վատ բան է: Այն գործողությունները, որոնք հիմա տեղի են ունենում տարբեր բնագավառներում, ավելի լավ կլիներ այդ ներուժը կենտրոնացնեին այն 44 օրվա մեջ, որոնք պատերազմական օրեր էին»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական այդ ցանկություններն իրեն չեն հետաքրքրում, գիտի, որ ունի հայկական հող, խնդիրներ, հետևաբար՝ պետք է ուժեղանալ, հզորանալ ու դասեր քաղել այն սխալներից, որոնք ունեցել ենք 30  տարիների ընթացքում:

«Ի դեպ, ասեմ, որ այդ անկայուն վիճակն այսօր բացասական է ազդում այն պրոցեսների վրա, որոնք այսօր բոլորին հետքրքրում են, դա նաև ռազմագերիների հետ է կապված, որովհետև մեր թշնամին շահարկում ու օգտագործում է այս իրավիճակը, որպեսզի ճնշում գործադրի: Տեսա նաև ՄԻՊ հայտարարությունը՝ կապված այն բանի հետ, որ թշնամին փորձում է մտնել Հայաստան: Մենք պետք է շատ գիտակից լինենք և իրար մեջ թշնամի չփնտրենք: Դուք ասում ենք, որ այսօր մարդիկ բողոքում են, ես այդ մարդկանց համարում եմ իմ ընկերները, եղբայրները, որոնք ինձ հետ, մեր թիմի հետ մեծ անհամաձայնություն ունեն, այդուհանդերձ մենք մեկ ազգ ենք, մեկ խնդիր ունենք և պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի մեր թշնամին դրանից չօգտվի»,- հավելեց Ալեն Սիմոնյանը:

Նա նաև ընդգծեց, որ երեկ վարչապետն առաջարկ է արել՝ նշելով, որ եթե պետք է՝ կքննարկվի լուծումները, այլ տարբերակ է, որ ինչ-որ ուլտիմատումներ են ներկայացնում, գնում են պատգամավորների տներ․․․

«Օրինակ, ի՞նչ մեղք ունի մեր պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը»,- շեշտեց նա:

Դիտարկմանը՝ 2018  թվականի հեղափոխության օրերին էլ իրենք էին գնում նախկին պատգամավորների տներ, Ալեն Սիմոնյանը նկատեց.

«Ես որևէ մեկի տուն չեմ գնացել և որևէ մեկին չեմ ուղղորդել: Այո, մենք պատասխանատվությունը չենք ուզում մեր վրայից հեռացնել, բայց ես Մոսկվայում եմ եղել, գալիս, ինձ ասում են՝ դավաճան, Սիսակն իրենց տանն է եղել, ասում են՝ դավաճան: 30 տարի լռել ենք, բանակից տուշոնկա գողանալու վրա աչք ենք փակել, իսկ մեր թշնամին թեկուզ նավթադոլարներով պատրաստվել է պատերազմի, և հիմա տպավորություն է, որ բնական է, այդ ամենն այդպես էլ պետք է լիներ: Հիմա տպավորություն է, որ այդ ամբողջը պետք է մեկ մարդու վրա լինի, և այդ մեկ մարդը բոլորի մեղքը վերցնում է իր վրա և տանում է դժոխք, լավ՝ ընդունելի է»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով նոյեմբերի 10-ի իրադարձություններին, երբ մի շարք անձինք գնացել էին Կառավարության շենք, ԱԺ և կառավարական ամառանոցներ, Ալեն Սիմոնյանն ասաց. «ԱԺ-շենք ու կառավարական ամառանոցներ ներխուժածները ժողովուրդ չէին, այլ մարդասպան բաշիբոզուկներ։ Տարրական անվտանգության միջոցներ պետք է ձեռնարկել: Ընդդիմության դրածո թեկնածուն ամենաագրեսիվ հայտարարություններն է անում հանրահավաքի ժամանակ ու եթե մի բան լինի, հետո պետք է ասեք՝ բա ո՞ւր էր ձեր անվտանգությունը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս