ՍԴ դատավորի տարօրինակ գրառումը. hraparak.am

hraparak.am—ը գրում է․ «Ինքնավար մարմնի եզրակացության մեջ արձանագրվածը պետք է քննության առարկա դառնա օրենքով սահմանված ընթացակարգերի, այլ ոչ սիրողական, կենցաղային բնույթի, հուզական դիտարկումների, մեկնաբանությունների, պիտակավորումների շրջանակում, ինչպես վերջին երկու օրերին»։

Անհասկանալի է, թե ՍԴ դատավորը ինչու է տարբերակում մտցնում ՍԴ մուտքագրված դիմումների միջև, կամ նույնիսկ այդ պարագայում, ինչո՞ւ է ըստ նրա «ինքնավար մարմնի եզրակացության» առկայությունը դիմումին առավել կարևորություն հաղորդում քան այն հանգամանքը, որ օրինակ դիմող սուբյեկտը ԱԺ-ն է։ Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա Գագիկ Ծառուկյանի հարցով ԱԺ կողմից ներկայացված դիմումին։ Եթե փորձենք վերլուծել Շաթիրյանի ասածը, ապա ստացվում է հետևյալը։

Ըստ Շաթիրյանի՝ Ծառուկյանի գործով ՍԴ-ում խախտվել են սահմանված ընթացակարգերը, աշխատակարգային որոշումն էլ ոչ թե հիմնված է իրավունքի և դրա պատշաճ վերլուծության վրա, այլ արդյունք է սիրողական, կենցաղային բնույթի, հուզական դիտարկումների, մեկնաբանությունների՝ զուգորդված պիտակավորմամբ։

Փաստացի, ՍԴ դատավորը մեղադրում է իր գործընկերներից վեցին, ովքեր դեմ չեն եղել Ծառուկյանի գործով կարճման որոշմանը, ոչ կոմպետենտության, տգիտության և էթիկայի նորմերի խախտման մեջ։ Եվ եթե անսանք նրա ասածին, ապա այս ամենին պետք է հաջորդեր կարգապահական պատասխանատվության գործընթացը նշված վեց դատավորների նկատմամբ, այլ ոչ թե մինչ ՍԴ համապատասխան որոշումը կատարվեր սուբյեկտիվ ենթադրություններ ու հանրայնացում՝ խախտելով էթիկայի նորմերն ու վարկաբեկելով դատարանի հեղինակությունը։

Միևնույն ժամանակ, գաղտնիք չենք բացի, եթե ասենք, որ ՍԴ-ն իր սահմանադրաիրավական գործառույթն իրականացնում է իր ակտերի միջոցով, տվյալ դեպքում՝ աշխատակարգային որոշման։ Իսկ ի՞նչ կստացվի, եթե պարզվի, որ նշված գործով կայացված աշխատանքային որոշումը իրավական առումով հիմնավոր և պատճառաբանված է։ Կարոո՞ղ ենք եզրակացնել, որ աշխատակարգային որոշման հիմքում չընկած և նիստի ընթացքում հնչեցված որոշակի սուր գնահատականները հանրայնացնելու ակնարկով փորձ է կատարվում ստվերել ՍԴ հեղինակությունը։

Եթե այդպես է, ապա կարելի է կրկին խոսել կարգապահական պատասխանատվության մասին, սակայն՝ Շաթիրյանի նկատմամբ, ով զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։ Արդյո՞ք նշվածը ՍԴ դատավորի էմոցիոնալ պոռթկումը, թե՞ ուղղորդված քայլ էր, թողնում ենք ընթերցողի գնահատմանը։

hraparak.am

Տեսանյութեր

Լրահոս