2 ամիս միմյանց չտեսած 7 ամսական Հայկն ու սպա հայրիկը հանդիպել են

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով 2 ամիս միմյանց չտեսած 7 ամսական Հայկն ու սպա հայրիկը հանդիպել են։

«4 ամսական թողեց-եկավ, 7 ամսական տեսավ․․․։ Աննկարագրելի հանդիպում էր։ Սկզբից հայրիկին չճանաչեց, հետո հիշեց, սկսեց շոյել դեմքը»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց փոքրիկի մայրիկը՝ Արմինե Մաթևոսյանը։

Նրանք Շուշիում են բնակվել, սակայն հոկտեմբերի 7-ին, երբ արդեն թշնամին սկսել է շատ ուժեղ ռմբակոծել, օգտագործել կասետային զինատեսակներ, դուրս են եկել այնտեղից։

«Սակայն չենք էլ պատկերացրել, որ կարող է՝ Շուշին մերը չլինի, մինչ օրս դրան չենք հավատում։ Թշնամին սեպտեմբերի 27-ի առավոտյան 7։15-ից այդ զենքերն օգտագործում էր, այնպես չէ, որ նորություն էր։ Ճիշտ է՝ հակահարված հասցնելու զենք չունեինք, հասկանում էինք, որ ուժերի տարբերությունը 90/10 տոկոս է, բայց այդքանն իմանալով՝ մենք գիտեինք, որ մեր տղաները խելացի ու հմուտ են, և չէինք սպասում այս ամենին։ Չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ, բայց սա անդառնալի պատմություն էր։ Այս ամենում հաղթեց  քաջ զինվորը, սպան, կամավորը, ով իր արյան գնով պաշտպանեց մինչև վերջ։ Պարտվեցինք, քանի որ դավադրությունն էր շատ»,- նշեց տիկին Արմինեն։

Ինչ վերաբերում է կորցրածի համար փոխհատուցում ստանալուն, Ստեփանակերտ վերադառնալու որոշմանը՝ պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ փոխհատուցման մասին դեռևս խոսք չի գնում, միայն յուրաքանչյուր անձին միանվագ 300,000 դրամ են հատկացնում, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ՝ 68,000՝ գումարած 15,000 դրամ։ Ինչ-որ տներ պետք է կառուցեն, որ տրամադրեն, բայց մինչ այդ պետք է ապրենք։ Ամուսինս սպա է, դրա համար պետք  է տեղափոխվենք Ստեփանակերտ, հնարավոր չէ, որ ինքը այնտեղ մնա, մենք՝ այստեղ։ Չենք վախենում, այնպես չէ, որ ՀՀ-ում այսօր ապահով է։ Ամբողջ հայկական սահմանը համարվում է վտանգավոր գոտի, դա կապ չունի՝ Ստեփանակե՞րտ, թե՞ Երևան։ Մենք պետք   գնանք ու ապրենք, որպեսզի մեր ամուսինները, որդիներն իմանան, որ հարազատները մոտակայքում են։ Մեր ներկայությամբ իրենց հույս, հավատ պետք է տանք, մենք թիկունքը պահենք, իրենք էլ՝ մեզ։ Եթե ես վախենամ ու չգնամ Ստեփանակերտ, բա ինքն ինչի՞ համար է գնացել, կյանքի գնով պահում սահմանը։

Բարդն այն է, որ վարձով ենք բնակվելու, չնայած վարձով բնակարան էլ չենք կարողանում գտնել,  ինչ էլ գտել ենք՝ 150,000 դրամից ավելի է։ Տանտերերը չեն ուզում պետության հետ գործարքի մեջ մտնել, քանի որ պետությունը խոստացել է փոխհատուցում տալ՝ յուրաքանչյուր անձին հյուրընկալողին ՝45,000 դրամի չափով, սակայն պետությանը չեն վստահում։

Ի դեպ, բոլորն էլ գումարը նախապես են ուզում, որ վճարես։ Ամեն դեպքում, կարծում եմ, գոնե սպաների հարցը պետք է առաջինը լուծեն։ Ամուսինս սեպտեմբերի 25-ից եղել է սահմանում, վերադարձել է դեկտեմբերի 6-ին՝ 5 օրով։ Ցավոք, ծառայող տղամարդկանց այնքան օր չեն տրամադրում, որ ընտանիքներին գոնե տեղավորեն»։

Տեսանյութեր

Լրահոս