Ինչու են ԱԺ օրակարգից հանվել Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրության հարցերը

ԱԺ նիստերի օրակարգից Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուի ընտրության հարցերը հանելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նամակ է ուղղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, խորհրդարանն էլ ընդառաջել է հարցերը հետաձգելու խնդրանքին: Այս մասին ԱԺ նիստում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պարզաբանելով օրակարգից հարցերի հանելը:

Միրզոյանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իրեն նամակ է գրել: Այդ նամակից պատգամավորները տեղեկացել են, որ թեկնածուները նիստի վերաբերյալ տեղեկացվել են հեռախոսազանգով:

«Դա ըստ երևույթին պատշաճ չեն համարել և չեն հասցրել պատրաստվել: Մյուս կողմից, նամակում նշվում է, որ ԱԺ լիագումար նիստում իրենց տեսլականը ներկայացնելիս թեկնածուները պետք է խոսեն դատական իշխանության հեռանկարների և համակարգի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ: Այդ հարցերը վերաբերում են դատավորների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովմանը, դատարանների ծանրաբեռնվածությանը, նյութատեխնիկական պայմաններին և այլնին: Սակայն հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը և ծառացած ավելի հրատապ լուծումներ պահանջող հարցերի շրջանակը՝ իրատեսական չէ դատական իշխանությանը հուզող այս հիմնախնդիրների շուրջ կառուցողական և արդյունավետ քննարկում կազմակերպելը, այս պատճառով ԲԴԽ նախագահն իր և թեկնածուների անունից խնդրում է հարցը հետաձգել: Սա է ամբողջը»,-ասաց ԱԺ նախագահը:
Նա տեղեկացրեց, որ ԱԺ-ն բնականաբար ընդառաջում է խնդրանքին, և հարցը հետաձգվում է:

Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը և Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը նախատեսված էր քննարկել ԱԺ հերթական նիստերի հինգշաբթի օրվա առաջին հիմնական նիստում:

Տեսանյութեր

Լրահոս