Արցախում նոր փոփոխություններ կլինեն. Հայկ Խանումյանը պաշտոն կստանա. «Ժողովուրդ»

«Արցախում կառուցվածքային փոփոխությունները շարունակվում են, եւ առաջիկայում նոր նշանակումներ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն նոր պաշտոնի օրինակելի առաջարկ է արել Արցախի ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանին:

Մասնավորապես, ընդդիմադիր գործչին առաջարկել են զբաղեցնել Արցախի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, եւ քննարկումները դեռ ընթանում են:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ Հայկ Խանումյանը նշեց. «Բանակցություններ են գնում նոր իշխանություն ձեւավորելու համար»: Վերջինս չմանրամասնեց՝ նման առաջարկ ստացել է, թե ոչ, սակայն, ըստ էության, չհերքեց, որ կարող է համաձայնել այս կամ այն պաշտոնին: Բացի այս, առաջիկայում փոփոխություններ կլինեն նաեւ արտաքին գերատեսչութան ոլորտում՝ հենց նախարարի մակարդակով:

Մեր տեղեկություններով՝ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու առաջարկ է արվել Արցախի ժողովրդավական կուսակցության անդամներից մեկին:

Հիշեցնենք՝ այս կուսակցության նախագահը Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն է, որի կուսակցությունը անցողիկ շեմ հաղթահարեց այս տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է միասնական կառավարմամբ, իշխանությունը կիսելով դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ նոր անձանց է պաշտոնների նշանակում:

Հենց այդ քայլերի շրջանակներում Վիտալի Բալասանյանը փոխարինեց Սամվել Բաբայանին՝ նշանակվելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Մանե Թանդիլյանն էլ Երեւանից տեղափոխվեց Արցախ եւ ստանձնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը»

Տեսանյութեր

Լրահոս