Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են համագործակցել նաև մեդիայի ոլորտում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում դեկտեմբերի 10-ին երկու երկրների միջև ստորագրվելու է «Մեդիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր»։
Ինչպես հաղորդում է թուրքական Sabah լրատվական կայքը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի և Ադրբեջանի փոխնախագահ Հիքմեթ Հաջիևի կողմից ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրով ստեղծվելու է «Համատեղ մեդիա հարթակ»՝ երկու երկրների լրատվամիջոցների ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով:
Մեդիայի ոլորտում ռազմավարական համագործակցության հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո, «Համատեղ մեդիա հարթակի» ձևավորման ծրագրի պատրաստման համար նշանակվելու է ընդհանուր աշխատանքային հանձնաժողով, որը իր պատրաստած ծրագիրը, ներառյալ հարթակի ֆինանսավորումը և ժամանակացույցը, պետք է ներկայացնի երկու երկրների իշխանություններին ծրագրի ստեղծումից հետո, երեք ամսվա ընթացքում: