Փաշինյանը հանձնարարել է թիմին ակտիվ կիրատել ժողովրդի անունը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Մինչ ժողովրդի ինտելեկտուալ մասը, այսինքն՝ մեծամասնությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինիս թիմը ջանք ու եռանդ չի խնայում «ջրի վրա» մնալու համար: Սակայն այդ ճանապարհին օր օրի այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ արդեն բազմաթիվ կարծիքներ կան, թե նրանք կորցնում են բանականության վերջին նշույլները:
Մասնավորաբար, մեկն ասում է, թե Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում, մեկ ուրիշը կոչ է անում Պուտինի հրաժարականն էլ պահանջել, քանի որ նա էլ է ստորագրել եռակողմ հայտարարությունը, մյուսն ընդհանրապես առաջարկում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, մեկ այլը «արջն ահից է գոռում» սկզբունքով ամեն օր գրում է, թե «թավիշ չի լինելու», հաջորդն ասում է, թե «Կաթողիկոսն ու Արամ Ա-ն ժողովուրդ չեն», պատահական պատգամավոր դարձած մեկն էլ «կզած» է համարում համայնքների ղեկավարներին և այլն, և այլն:
Նման «մտքերից» հատորներ կարելի է գրել:
«Փաստի» հետ զրույցում հոգեբաններն ասում են, որ սա շատ տիպիկ վիճակ է, երբ մարդն զգում է վտանգը և հիստերիկ նոպայի մեջ փորձում է փրկվել, բայց թույլ է տալիս այնպիսի սխալներ, որոնք ձնագնդի էֆեկտով բերում են նոր սխալների:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս օրերին ակտիվ կիրառել տեղեկատվական մի քանի տեխնոլոգիա. ի մասնավորի, մեկը վերաբերում է ժողովրդի անունը շահարկելուն, երբ անընդհատ դաշտ կնետվի գաղափար, թե իբր ժողովուրդը սատարում է իրենց, և երկրորդ, որը բխում է առաջինից, թե իբր այս պահին ընտրություն լինելու դեպքում իրենք դարձյալ մեծամասնություն կկազմեն:
Վերջինս շատ տարածված մանիպուլյատիվ միջոց է, որն առաջին հերթին ուղղված է հենց սեփական թիմի փլուզված «դուխը» պահելուն: Ամենայն հավանականությամբ, հենց այս հանձնարարության կոնտեքստում են որոշ պատգամավորներ պնդում, թե իրենք հանդիպում են ընտրողներին, թե իրենց ընտրողներն իրենց կողքին են և այլն: Սակայն փաստն այն է, որ «իմքայլականները» ԱԺ շենք-տուն երթուղուց շեղվելու ո՛չ համարձակություն ունեն, ո՛չ երես: Ինչ վերաբերում է ընտրողներին, ապա նրանց գերակշիռ մեծամասնությունը ընտրող չունի. նրանք հայտնվել են խորհրդարանում մեկ անձի շնորհիվ, իսկ այդ մեկ անձի ներկայիս վարկանիշն ուղղակի կապ չունի 2018 թվականի հետ: Իրականությունը՝ ևս»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: