Ծնողներն ահազանգում են` «Մեր բակ» մանկապարտեզում ծեծում են երեխաներին
«Մեր բակ» կոչվող՝ առաջին հայացքից գունավոր մանկապարտեզն այնքան էլ գունավոր չի եղել Վիկտորյա Ռստակյանի զույգ աղջիկների՝ 2.5 տարեկան Եվայի ու Արփիի համար: Նրանք մանկապարտեզ հաճախել են ընդամենը 3 օր: Ծնողները նկատել են, որ երեխաներն իրենց տարօրինակ են պահում:
«Դեկտեմբերի 1-ին գնում են, վերադառնում են ահավոր նյարդային, ահավոր ճնշված, ու դա չէր անցնում ոչ մի ձև, բերելուց 1 ժամ հետո, երկու ժամ հետո, երեք ժամ հետո: Իրենք անընդհատ «պռոշ էին անում», սկսում էին շրթունքները կծկծել, եղունգները կրծել, տենց բաներ չեն ունեցել: Ու գիշերը շատ անհանգիստ քնեցին, ասեցինք՝ լավ, երևի առաջին օրն է»,- պատմում է Վիկտորյան:
Նույն պատմությունը կրկնվել է նաև հաջորդող օրերին:
«Ամսի 2-ին էլ ուղարկեցի, է՛լ ավելի բեթար վիճակում եկան երեխեքս: Ամուսնուս հետ որոշում էինք՝ ամսի 3-ին ուղարկե՞նք, թե՞ չէ: Նաև սոված էին գալիս, առաջին օրն եկել, հարձակվել էին ուտելիքի վրա, ասեցի՝ լավ, երևի անսովոր միջավայր ա, միգուցե վախեցել են, չեն կերել»,- ասաց Վիկտորյան:
Երեխաների վարքագիծն անհանգստացրել է ծնողներին: Փորձել են հարցերի միջոցով հասկանալ նրանց տրամադրության պատճառը:
«Ասեցին, որ մեզ «ախ են արել»: Իրենք լիարժեք խոսող բալիկներ են: Ասացին՝ քնելուց «ախ են արել», մամային ենք ուզել, «ախ են արել», ու սկսում էին լացել, ընկեր Գայանեն սենց, ընկեր Գայանեն նենց․․․»:
Վիկտորյան և իր ամուսինը մտածել են՝ միգուցե իրենց երեխաները չեն հարմարվում: Պարզելու համար, թե իրականում ի՞նչ է կատարվում, հաջորդ օրը երեխաներից մեկի հետ ձայնագրիչ են ուղարկել մանկապարտեզ: Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես են դաստիարակները գոռում երեխաների վրա, ապա նաև՝ հարվածում:
«Մի հատ էլ ես սենց հիստերիկացել, կտամ՝ կսատկես, զզվելի: Ձենդ կտրի, ձենդ չլսեմ»,- լսվում է ձայնագրության մեջ:
Վիկտորյան պնդում է. «Շատ սարսափելի է դա լսելը»:
Ձայնագրությունը լսելու հաջորդ օրը գնացել են մանկապարտեզ՝ զրուցելու: Տնօրենի մոտ դաստիարակն ու դայակը ժխտել են, որ նման բան է տեղի ունեցել:
«Դայակն ու դաստիարակը եկան, ես հարցրի՝ ո՞վ է խփել իմ բալիկին, իրենք ասացին, որ՝ չէ, այդպիսի բան չկա, ես ասացի, որ խփել եք, վեճ եղավ, քաշքշուկ: Ասացի, որ կան ձայնագրություններ, դրեցի, անակնկալի եկան, սպառնացին Ոստիկանություն դիմել զրպարտության համար, ասացի՝ թող իրավապահները զբաղվեն, ինձ դուրս վռնդեցին: Հետո տնօրենը՝ Լուսինեն, ինձ զանգահարեց, խնդրում, աղաչում էր, որ ջնջեմ էդ ամեն ինչը, ես, իհարկե, չէի կարող դա անել, ուղարկել եմ ծնողներին, ուզում էի վայրկյան առաջ էդ բալիկները փրկվեն էդ դժոխքից: Հենց այդ պահին ասացի՝ թող հենց հիմա դիմում գրեն՝ ազատվեն աշխատակիցները, տնօրենն ասաց, որ՝ իմ մանկապարտեզում դու չես որոշում»,- ասաց Վիկտորյան:
Վիկտորյայի պնդմամբ՝ շատ ծնողներ արդեն հանել են իրենց երեխաներին այդ մանկապարտեզից: Հաղորդում են ներկայացրել Ոստիկանություն: Այնտեղից մեզ հայտնեցին, որ հիմա նյութեր են նախապատրաստվում: Վիկտորյան պնդում է՝ նախկինում էլ նման դեպքեր եղել են, ուղղակի փաստեր չեն եղել իրավապահներին դիմելու համար: Իր աղջիկներին այլ մանկապարտեզ տանել դեռ չի պատրաստվում:
«Քանի օր է անցել արդեն, իմ բալիկները դեռ գիշերը լացով արթնանում են, ասում են՝ մի խփի, թող»:
Մենք այցելեցինք նաև մանկապարտեզ՝ զրուցելու մասնաճյուղի տնօրենի հետ, սակայն մանկապարտեզը փակ էր: Տնօրենը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ հարգելի պատճառով բացակայում է, խնդրեց ավելի ուշ կապվել: Այժմ մեր զանգերին չի պատասխանում: