«Փաշինյանն իշխանության է եկել վերջնագրով, իր պես նիկոլավարի նրան հեռացնել չի՛ լինելու». Սրբուհի Գրիգորյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խորհրդարանական լսումներ էր հրավիրել, որի նպատակը, ըստ խմբակցության պատգամավորների, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ելքեր գտնելն ու ճանապարհային քարտեզ ուրվագծելն է։

Խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով լսումների արդյունքում ակնկալվող լուծումների մասին, նշեց, որ դրանք կունենան, երբ ի մի բերեն բոլոր առաջարկները։

Ըստ Գրիգորյանի՝ անկախ ստացված լուծումներից՝ ակնհայտ է, որ դրանք բոլորն էլ պետք է միտված լինեն նախևառաջ մեկ կարևոր նպատակի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման։

«Աներկբա է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և պետք է հեռանա իր թիմի հետ միասին, բայց այդ հեռացման գործընթացը պետք է տեղի ունենա Ազգային ժողովում, որովհետև մենք չենք կարող մեզ թույլ տալ քաղաքացիական բախումներ»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին՝ իսկ մի՞թե Ազգային ժողովում Սահմանադրության շրջանակներում քաղաքական մեծամասնությունը թույլ կտա ընդդիմադիրներին վճռել այդ հարցն իրենց մասնակցությամբ, և եթե ոչ՝ ո՞րն է լինելու որպես ընդդիմություն՝ իրենց անելիքը, Գրիգորյանը արձագանքեց.

«Այո՛, սահմանադրությունը մեզ փակուղի է մտցրել։ Այդ կոստյումը Նիկոլ Փաշինյանը շատ լավ հարմարեցրեց իրեն, այնինչ պետք էր այդ Սահմանադրությունը փոխել, որպեսզի ընդդիմությունը հիմա պատի առաջ չկանգներ, իսկ հիմա «Իմ քայլը» առանց ընդդիմադիրների՝ իր 88 պատգմավորով, կարողանում է անգամ սահմանադրական օրենք փոխել»,- ասաց պատգամավոը։

Հարցին՝ այդ դեպքում, եթե կանգնել եք պատի առաջ, ինչո՞ւ չեք միանում 17 կուսակցությունների պահանջին՝ հանրային ճնշման միջոցով խնդրի լուծումը պարտադրելու համար, Սրբուհի Գրիգորյանը պատասխանեց.

«Նրանց հետ մեր օրակարգը նույնն է՝ այո՛, Փաշինյանը պետք է հեռանա և հաջորդ կառավարության մաս չպետք է կազմի, պարզապես մեր և այդ ուժերի տարբերությունն այն է, որ, օրինակ, Վազգեն Մանուկյանի խոսքի մեջ կա կոշտություն, կոշտ հայտարարություն արեց, վերջնագիր ներկայացրեց, իսկ մենք չենք ցանկանում վեջնագրերի լեզվով խոսել։ Մենք «Իմ քայլին» ոչ թե պետք է անընդհատ սուր խոսքերով տանենք մի կողմ, այլ պետք է նրանց հետ աշխատանք տանենք,՝ այդ թվում՝ և բարոյահոգեբանական»: Գրիգորյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա, որ իրենց վարչապետն անգամ մի ստորակետ չի կարողացել փոխել ստորագրած խայտառակ փաստաթղթում, և դա՝ այն դեպքում, երբ հնարավոր էր գոնե գերիներին անհապաղ վեադարձնելու պայման դնել, ու դա չի արվել, իսկ դա ևս մեկ անգամ նշանակում է, որ Փաշինյանը չի՛ կարող այլևս բանակցել։

Թե ինչո՞ւ այդ դեպքում, երբ լեփ-լեցուն Ազատության հրապարակում հայտարարվեց, որ ստեղծված իրավիճակում ընդդիմության միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, իրեն խմբակցությունը նույն օրը հայտարարեց, որ իրենց թեկնածուն էլ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է՝ դրանով հանդերձ, ըստ էության, չսատարելով ընդդիմադիրների թեկնածուին, Սրբուհի Գրիգորյանը պատասխանեց.

«Մեր օրակարգերը նույնն են, մեր գնալու ճանապարհներն են տարբեր։ Չի՛ բացառվում, որ այդ ճանապարհներն ինչ-որ պահի կարող են խաչվել։ Վազգեն Մանուկյանը կհրավիրվի մեր խմբակցություն, հարցեր կքննարկվեն։ Հստակ է, որ մենք չենք պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, որովհետև պաշտպանելու տեղ չունի»։

Դիտարկո՞ւմ են արդյոք տարբերակ այս փուլում ընդդիմադիր մյուս ուժերին աջակցելու և Մարուքյանին վարչապետի պաշտոնում մեկ տարի անց առաջադրելու հարցին՝ հատկապես, որ Վազգեն Մանուկյանն ըստ հայտարարության՝ մեկ տարի անց չի հավակնի որևէ պաշտոնի, Սրբուհի Գրիգորյանը պատասխանեց.

«Իսկ կարո՞ղ են ընդդիմադիր 17 քաղաքական ուժերը համախմբվել Էդմոն Մարուքյանի շուրջ, և վարչապետի թեկնածուն դառնա Էդմոն Մարուքանը, կարող են, չէ՞։ Չէ՞ որ բոլորիս նպատակը մեկն է՝ Փաշինյանը պետք է հեռանա անցնցում, պետք է գան պրոֆեսիոնալներ և չպարտված թիմ, որը կկարողանա բանակցել»,- ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է վաղը ժամը 12։00-ին Փաշինյանին ներկայացված վերջնաժամկետին, ապա, ըստ պատգամավորի, Փաշինյանին ճանաչելով՝ կարող է պնդել՝ նա վերջնաժամկետով՝ ոչ վաղվա, ոչ էլ այլ օրվա, չի՛ հեռանա։

«Փաշինյանը, ըստ մեր կանխատեսման, հրաժարական չի՛ տալու։ Փաշինյանը իշխանության է եկել վերջնագիր ներկայացնելով, իրեն իր պես՝ նիկոլավարի հեռացնել չի լինի, հետևաբար՝ պետք է այլ մեթոդներ ընտրել, որին մենք գնում ենք, քանի որ խնդրի լուծման բանալին Ազգային ժողովում է»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս