Գերիների ազատ արձակումը և զինծառայողների մարմինների փոխանակումը գլխավոր հարցն է․ Պաշտպանը Չեխիայի դեսպանին է փոխանցել դաժանությունների ապացույցներ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին։
Հանդիպմանը քննարկվել է պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանությունները։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու և նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելու հետևանքով մարդիկ զրկվել են իրենց տներից, իրենց բնակավայրերը վերադառնալու հնարավորությունից։
Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները:
«Տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական պարգևների: Հենց այս ամենի արդյունքն է, որ հանգեցրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում էթնիկ հայերի նկատմամբ անմարդկային դաժանությունների ու վայրագությունների»,- եզրահանգել է Արման Թաթոյանը:
Պաշտպանը ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր է համարել։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցեր»: