Եվրոպական «եռյակն» Իրանին կոչ է արել հրաժարվելու ատոմային ծրագրի ընդլայնման պլաններից
Եվրոպական «եռյակն» Իրանին կոչ է անում հրաժարվելու ատոմային ծրագրի ընդլայնման եւ միջուկային օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի մուտքի սահմանափակման պլաններից: Այս մասին ասված է Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է դեկտեմբերի 7-ին:
«Նաթանզ քաղաքի ուրանի հարստացման գործարանում ցենտրիֆուգների երեք նոր կասկադների տեղակայման պլանների մասին Իրանի՝ վերջերս արած հայտարարությունը հակասում է Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) եւ խորը մտահոգություն է առաջացնում»,- ասված է հայտարարության մեջ:
«Մենք նաեւ խորն անհանգստությամբ վերաբերվեցինք Իրանի խորհրդարանի կողմից վերջերս ընդունված օրենքին, որն իրականացվելու դեպքում կհանգեցնի իրանական ծրագրի զգալի ընդլայնման եւ ՄԱԳԱՏԷ-ի մուտքի սահմանափակման»,- ընդգծված է պաշտոնական հայտարարության մեջ: Այնտեղ նշված է, որ «այդ միջոցներն անհամատեղելի են ԳՀՀՊ-ի եւ Իարնի մյուս միջուկային հանձնառությունների հետ»: Ինչպես նշում են երեք երկրների արտգործնարարարությունների ներկայացուցիչները, «եթե Իրանը լրջորեն տրամադրված է տարածություն պահպանելու դիվանագիտության համար, ապա նա չպետք է ձեռնարկի այդ միջոցները»:
«Այդ քայլը կարող է վնասել ԳՀՀՊ-ի պահապանման՝ մեր ընդհանուր ջանքերը եւ սպառնալիքի տակ դնել դիվանագիտության վերադառնալու կարեւոր հնարավորությունը, որն առաջանում է ԱՄՆ-ի նոր վարչակազմի գալով: Վերադարձը ԳՀՀՊ-ին նաեւ օգուտ կտար Իրանին»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:- Մենք մտադիր ենք քննարկել Իարնի կողմից ԳՀՀՊ-ի խախտման հարցը համաձայնագրի շրջանակներում»: «Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարությունները ԳՀՀՊ-ի վերաբերյալ, որպեսզի պատասխան տանք Իրանին վերաբերող ավելի լայն մտահոգությանը: Դա մեր բոլորի օգտին է»,- նշված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: