Արմեն Գրիգորյանը վստահ է՝ գերիների փոխանակումը շուտով իրականություն կդառնա
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որի հորդորով արվեստագետները հայ գերիներին վերադարձնելու նպատակով նամակներ էին հանձնում ՀՀ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներ, կարծում է, որ իրենք արել են այն, ինչ պարտավոր էին անել: Նա վստահ է՝ գերիների փոխանակման գործընթացը շուտով իրականություն է դառնալու:
«Արմենպրես»-ի թղթակից հետ զրույցում Գրիգորյանը հիշեցրեց, որ նամակներ հանձնելուց հետո արձագանք են ստացել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից:
«Դեսպանատունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ռազմագերիների վերադարձի հարցն իրենց կառավարության ուշադրության կենտրոնում է, իսկ հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ տեղյակ է՝ նամակ ենք հանձնել դեսպանատուն և շեշտել, որ գերիների հարցով անձամբ Վլադիմիր Պուտինն է զբաղվում»,-նշեց Գրիգորյանը:
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են փոխանակել գերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
«Այս գործընթացն ընթացքում է, և ես համոզված եմ, որ շատ շուտով գերիների փոխանակումը կկատարվի: Այդ հարցում մենք չնչին լումա ունենք, թե ոչ այնքան էլ էական չէ. կարևորը՝ փոխանակումը լինելու է, և մեր տղաները վերադառնալու են տուն: Արվեստագետներն արել են այն, ինչ պարտավոր էին անել և հիմա հետևում են իրադարձություններին և չեն միջամտում՝ չխանգարելու համար»,-ընդգծեց նա: