Բաժիններ՝

«Պետք է գնամ մեր հայրենիքի համար». Ծովակը Շուշիում է զոհվել

Արցախում զոհված 41-ամյա Ծովակ Հայկարամի Մադաթյանը Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից էր, ամուսնացած էր, ունի 3 երեխա: Ծովակի եղբայրը՝ Սևակ Մադաթյանը, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ եղբայրը պատերազմի հենց առաջին օրը մեկնել է Արցախ և ակտիվ մասնակցել պատերազմական գործողություններին:

«Ծովակն ապրում էր ծնողների, կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ: Երկու աղջիկ ունի՝ 15 և 16 տարեկան, իսկ տղան փոքրն է՝ 8 տարեկան: Ծովակը ոստիկան էր, 2000 թվականից աշխատում էր ոստիկանությունում, արդեն 20 տարի: Շատ բարի, ընկերասեր, կամեցող, գյուղում շատ սիրված և հարգված մարդ էր: սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց, իրենք մեկնեցին Արցախ, Շուշիում են եղել»,- պատմեց Սևակը:

Եղբայրը հիշում է Ծովակի տրամադրությունը, երբ նրան հրաժեշտ էին տալիս: Պատմեց նաև, որ եղբայրը պատերազմի դաշտից վերջին անգամ հենց իր հետ է խոսել.

«Տրամադրությունը շատ բարձր էր, ասում էր՝ պետք է գնամ մեր հայրենիքի համար, ասում էր՝ լավ է լինելու, պետք է գնամ: Վերջին անգամ ախպորս հետ խոսել եմ հոկտեմբերի 4-ի առավոտյան, ասաց՝ Արցախում ենք, ամեն ինչ նորմալ է, երկար չեմ կարող խոսել, ու անջատեց: Տրամադրությունն էլի բարձր էր. հենց այդ օրն էլ զոհվել է՝ Շուշիում…»:

Սևակը պատմեց նաև եղբոր նպատակների մասին, դրանք հիմնականում կապված էին երեխաների հետ. «Ուզում էր երեխաներին հասցներ իրենց նպատակին, ուսման տար, ապահովեր բարեկեցիկ կյանքով…»:

Ծովակը ծնվել էր զինվորականների ընտանիքում, և դրա մասին եղբայրը հպարտությամբ էր պատմում.

«Մեր տոհմը զինվորականներ են, դպրոցն էլ պապուս եղբոր անունով է, Հայրենական Մեծ պատերազմում է զոհվել՝ գնդապետ Մաթևոս Մադաթյանը…»:

Ծովակ Մադաթյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ Սառնաղբյուրի ընտանեկան գերեզմանատանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս