Գյումրու վթարային բնակելիների խնդրի լուծումը ձգձգվում է. hարցին ՀՀ կառավարությունը կանդրադառնա հաջորդ տարի. Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ
Գյումրու վթարային բնակելիների խնդրի լուծումը ձգձգվում է: Հարցին ՀՀ կառավարությունը կանդրադառնա հաջորդ տարի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ տարեսկզբին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դրական արձագանք էր տվել նախարարությանն ուղղված՝ Շիրակի մարզպետարանի «Խիստ վթարային 4 բնակելի շենքերի բնակիչների բնակարային խնդրի լուծման առաջարկ»-ին, համաձայն որի, խիստ վթարային 4 շենքերից 3-ի բնակիչներին՝ Անտառավան 3-րդ թաղամաս 26, Իսահակյան փողոց 9 և Ղուկասյան փողոց 29 շենքեր, նախատեսվում էր հատկացնել բնակարանի գնման վկայագրեր, իսկ Տիգրան Մեծի փողոցի 5 շենքում, որի մեկ մուտքն ամրացված է, իսկ 3-ը վթարային, նախատեսված էր իրականացնել ամրացում-վերականգնում:
Ինչպես տեղեկացնում է Ալբերտ Մարգարյանը, բացառությամբ Տիգրան Մեծի 5 շենքի, մյուս երեք բնակելի շենքերը հետագայում ապամոնտաժվելու էին: «Իմ կարծիքով՝ սա շատ լավ տարբերակ է՝ հատկապես որ 2003 թվականից հետո Գյումրիում վթարային շենքերի ամրացում-վերականգնում չի եղել, իսկ այս ծրագրով կունենանք 4 շենքի խնդրի լուծման տարբերակ: Անցած 15 տարվա ընթացքում սա եզակի դեպք է և մեծ քայլ Գյումրու վերակառուցման գործում»,-ավելացրեց պատասխանատուն:
Բնակիչների կարծիքը հաշվի առնելով՝ Իսահակյան փողոց 9 և Ղուկասյան փողոց 29 շենքերի խնդիրը առժամանկ հետաձգվեց: Այս վթարայինների հարցը կրկին քննարկման պետք է ներկայացվեր կառավարությանը: «Ցավոք, մի կողմից համավարակը, մյուս կողմից պատերազմը, կրկին հետաձգեց վթարայինների հարցի լուծման գործընթացը: Մենք սպասում ենք որ տարեսկզբին կրկին այս հարցը կքննարկվի»,- նկատեց Ալբերտ Մարգարյանը:
Շիրակի մարզում այս պահին կա 114 վթարային շենք, որի 92-ը Գյումրիում: Միայն Գյումրում վթարային շենքերում ապրում է 2426 ընտանիք: