Մտածում ենք՝ ինչո՞ւ ես էլ պետք է չապտակեմ ինձ ապտակողին…
Քրիստոսի ներկայությունը մեր կյանքում ոչ թե նախկինը վերացնելն էր, այլ լրացնելը, ինչպես ասվել է բազմիցս։ Այսպես Աստվածաշչի մեկ հատվածում Փրկիչը պատգամում է․ «Լսել եք` ինչ ասվեց նախնիներին. «Աչքի փոխարեն` աչք և ատամի փոխարեն` ատամ»: Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու» (Մատթ. 5: 38-39)։
Այս արտահայտությունը կարդալով՝ յուրաքանչյուր մարդ, անգամ ով հավատարիմ է Քրիստոսի պատգամներին, ներքին ընդվզում է ապրում՝ ինչո՞ւ թույլ տամ ապտակել անգամ մեկ անգամ, ուր մնաց, թե երկու։ Ներքին խռովքի այդ պահին մինչև անգամ կարող ենք մեզ հարցնել՝ արդյո՞ք Քրիստոս ցանկանում է, որ ես զրկանքներ կրեմ ու տառապեմ։ Մտածում ենք՝ ինչո՞ւ ես էլ պետք է չապտակեմ ինձ ապտակողին։ Եվ երբ խնդիրը գալիս է արդեն նյութական, կենցաղային տիրույթ, այդպես ենք դաստիարակում մինչև անգամ մեր երեխաներին, ովքեր բակում ընկերների հետ անմեղ խաղերով են զբաղված․ «Եթե քեզ կհարվածեն, դու էլ հարվածիր ավելի ուժեղ»։
Սակայն մեր Փրկիչը ցույց տվեց ճշմարիտ հաղթանակի ուղին։ Եվ խնդիրն այն չէ, որ մեզ ապտակելուց հետո ուրախությամբ պիտի առաջարկենք մեզ ապտակել կրկին, այլ չարությամբ չպատասխանենք չարին՝ ինքներս էլ չարանալով։
Քրիստոս մեզ իր զավակի նման ցույց է տալիս և սովորեցնում, որ, այո՛, հնարավոր են և ցավալի պահեր մեր կյանքում, հնարավոր են և կորուստներ ու տառապանք, սակայն պետք չէ չարը տեսնելով՝ չարանալ, շարունակել չարի գործը։ Այլ միակ բանը, որ պիտի անենք, Տիրոջը մեր ճանապարհին չկորցնելն է, մեր ճամփան լույսով ու սիրով անցնելը։ Չէ՞ որ Փրկչին էլ իր երկրային կյանքում բաժին հասան բազմաթիվ զրկանքներ ու փորձություններ, սակայն ոչինչ չկասեցրեց Նրա հաղթանակը՝ Արդարի հաղթանակը և Սիրո հաղթանակը։
Պետք չէ կարծել, թե մեր ուժերից վեր է Քրիստոսի խոսքին ականջալուր լինելը, քանի որ Նա ճանաչում է մեզ այնպես, ինչպես անգամ մենք ինքներս չենք ճանաչում, և պատգամներ տալիս էլ հաշվի է առնում մեր սխալականությունը և ուժը՝ դրանք իրականացնելու։ Ուրեմն՝ հավատա՛նք ինքներս մեզ, ինչպես հավատում է մեզ Քրիստոս, չհակառակվե՛նք չարին՝ դառալով չարը, չսերմանենք չարը մեր զավակների մեջ, այլ որպես Քրիստոսի զավակներ՝ հետևե՛նք և հավատա՛նք Նրան, ով մշտապես առաջնորդում է մեզ դեպի Լույսը։