Պատրա՞ստ է արդյոք Հայաստանի տնտեսությունն այդպիսի մրցակցության
Այս տարվա առաջին երեք եռամսյակներից երկուսում Հայաստանում տնտեսական անկում է գրանցվել։ Եթե երկրորդում անկումը եղել է երկնիշ, ապա երրորդում՝ դրան մոտ։ Երկրորդում անկումը կազմել է 13,70, երրորդում՝ 9,09 տոկոս։ Աճ է գրանցվել միայն առաջին եռամսյակում, այն էլ՝ ոչ շատ բարձր՝ 3,91 տոկոս։
Այս ամենի արդյունքում առաջին կիսամյակում ունեցել ենք 5,7 տոկոս տնտեսական անկում։ Ինն ամսվա տվյալներով՝ անկումը հասել է 7,4 տոկոսի։
Չորրորդ եռամսյակի արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ։ Բայց մինչ այդ սպասվում է, որ անկումը կխորանա։ Հոկտեմբերին նախորդ հոկտեմբերի համեմատ՝ տնտեսական ակտիվությունը նվազել է 8,1 տոկոսով։
Խորացել է նաև տարեկան անկման տեմպն ու շարունակում է խորանալ։
Իրավիճակը, որում հայտնվել ենք, ոչնչով չի նպաստում տնտեսական զարգացումներին։ Մի բան էլ՝ վնասում է։ Տարօրինակ չէ, որ տնտեսության վերաբերյալ գնահատականները գնալով ավելի ու ավելի հոռետեսական են դառնում։ Կան կանխատեսումներ, որ տարեվերջին ունենալու ենք ընդհուպ մինչև երկնիշ անկում՝ իր բոլոր բացասական հետևանքներով։
Տնտեսական անկման հետևանքները վաղուց արդեն տեսնում ենք, բայց որքան անկումը խորանա, այնքան կխորանան նաև հետևանքները։ Այդ թվում՝ ինչպես սոցիալական հատվածում, այնպես էլ՝ մյուս բոլոր ոլորտներում։
Որքան էլ էկոնոմիկայի նորանշանակ նախարարը հույսեր փայփայի, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ակնկալվող ապաշրջափակումը նոր ծրագրեր իրականացնելու լայն հնարավորություններ է բացում գործարարության առաջ, դա ընդամենը երազանք է։
«Տնտեսության համար բաց սահմանները շատ լավ են, քանի որ մրցակցության արդյունքում ավելի լավ ապրանքներ են ստեղծվում, այսինքն՝ մեր տնտեսությունը կարող ենք դարձնել աշխարհի մակարդակին հավասար։ Այսինքն, եթե մեզ մոտ էժան և որակյալ ապրանքներ են ներմուծվում, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ»,- ասում է Էկոնոմիկայի նոր նախարարը։
Նախ՝ մի կողմ թողնենք այն, թե երբ կբացվեն սահմանները, կամ ընդհանրապես կբացվե՞ն, թե՞ ոչ։ Բացի այդ էլ, կա մեկ այլ շատ կարևոր հանգամանք. նման հայտարարություն անելուց առաջ պետք է հիշել, որ բաց սահմանների պայմաններում դեռ պետք է կարողանալ դիմանալ մրցակցությանը։
Պատրա՞ստ է արդյոք Հայաստանի տնտեսությունն այդպիսի մրցակցության։ Իհարկե պատրաստ չէ։ Ու դեռ հարց է՝ բաց սահմաններն այս փուլում ավելի շատ վտանգնե՞ր, թե՞ օգուտներ են պարունակում մեր տնտեսության համար։
Բաց սահմանների մասին խոսելիս, նախ՝ պետք է մտածել, թե ինչ ենք առաջարկելու դրսին։ Իսկ մեր տնտեսության առաջարկը շատ փոքր է ու սահմանափակ։ Զարմանալի չէ, որ արտահանման գերակշիռ մասը հումքն է ու հումքային ապրանքները։
Դրսի շուկաներին ապրանք առաջարկելուց առաջ դեռ պետք է կարողանալ այն արտադրել։ Այնինչ, այդպիսի հնարավորություններն այսօր Հայաստանում շատ քիչ են, չկան ներդրումներ, իսկ առանց ներդրումների՝ հնարավոր չէ տնտեսություն զարգացնել։ Այլ հարց է, եթե նորանշանակ նախարարի հույսը կրկին վարկերն են, թանկ վարկերը։ Նախկինում էլ հույսը դրել էինք վարկերի վրա և ուզում էինք վարկերով տնտեսական հեղափոխություն անել։ Եվ ի՞նչ ստացվեց. «տնտեսական հեղափոխության» ճանապարհը բռնած մեր տնտեսությունն այսօր գտնվում է կոլապսի վիճակում։
Բաց սահմաններ ունենալը, անշուշտ, լավ է, բայց դա միայն արտահանման համար չէ։ Բաց սահմաններ ունենալը ենթադրում է նաև ներքին շուկայում մրցակցության խորացում։ Ու կարող է այնպես ստացվել, որ այդ մրցակցության արդյունքում մեր արտադրանքը պարզապես դուրս մղվի շուկայից։ Ներքին շուկան զբաղեցնեն ներմուծվող ապրանքները։
ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում էլ այդպես էինք մտածում։ Արդյունքում՝ մեր արտահանումը ԵԱՏՄ երկրներ նվազում է, իսկ ներմուծումը՝ ավելանում։ Թե ինչու է այդպես, այլ հարց է։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ու նույնը կարող է կրկնվել նաև բաց սահմանների պարագայում, քանի դեռ ներքին տնտեսության զարգացման և մրցունակության բարձրացման համար բավարար պայմաններ չենք կարողացել ապահովել։
Խոսում ենք թուրքական ապրանքների ներմուծումը տեղականով փոխարինելու մասին։ Հայտնի է, որ հունվարի 1-ից 6 ամսով կանգնեցնելու ենք Թուրքիայից պատրաստի ապրանքների ներկրումը։
«Արդյունքում՝ ազատվելու է 200 մլն դոլարանոց շուկա Հայաստանում։ Ես կոչ եմ անում վերցնել այդ ցուցակը և այնպես անել, որ հունվարի 1-ից մեր խանութներում թուրքականի փոխարեն՝ հայտնվեն հայկական ապրանքները»,- ասում է Էկոնոմիկայի նախարարը։
Իսկապես լավ հնարավորություն է թուրքական ապրանքների գոնե մի մասը տեղականով փոխարինելու համար։ Բայց ի՞նչ է արել մինչև հիմա կառավարությունը դրան հասնելու համար։ Կոչեր հնչեցնելու փոխարեն՝ պետք է օգնել տնտեսվարողներին, օժանդակել ծրագրերի իրականացմանը։ Եթե չկան ծրագրեր՝ փորձել մասնակցել դրանց ստեղծմանը, ֆինանսավորման համար հնարավորությունների ընձեռնմանը, գործունեության համար նպաստավոր պայմանների ապահովմանը։
Թե չէ կոչեր հնչեցնելով, ոչնչի էլ չենք հասնի։ Պարզապես թուրքական ապրանքների ներմուծումը կփոխարինվի մեկ այլ երկրի ապրանքներով, որը մեր տնտեսությանն այդպես էլ ոչինչ չի տա։ Մի բան էլ կարող է բախվենք մատչելիության խնդիրների հետ՝ հարվածելով սպառողների գրպանին։
Տնտեսության համար սահմաները բացելը կամ փակելը գուցե լավ է հնչում, բայց դրան պետք է պատրաստ լինել։ Այլապես կարող ենք ավելի լուրջ խնդիրների բախվել։
Բացի այդ էլ, դեռ պետք է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում՝ սահմանները բացել կամ տրանսպորտային կոմունիկացիաներից օգտվելու հնարավորություն ստանալ։ Հարցականներն այս առումով դեռ շատ են, ու պետք չէ ժամանակից շուտ ոգևորվել։ Հատկապես որ, այդ հնարավորությունից նույն հաջողությամբ կարող ենք ոչ միայն մենք, այլև ուրիշները օգտվել։
Այնպես որ, բարձրագոչ հայտարարություններ անելուց առաջ, նախ պետք է մտածել տնտեսությունն այս վիճակից հանելու մասին։ Ունենք անկում, որի հատակին դեռ չենք հասել։ Հասնելուց հետո էլ հայտնի չէ, թե ոնց ենք դուրս գալու, քանի դեռ չենք կարողացել վերացնել այն խոչընդոտները, որոնք ավելացել են հետպատերազմյան շրջանում։ Ընդ որում՝ դրանք ոչ միայն տնտեսական են, այլև քաղաքական։ Երկրում վտանգված է գործարար միջավայրը, որը ոչ մի լավ բան չի խոստանում մեր տնտեսությանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ