«Պատերազմի առաջին օրվանից եղան անգրագետ և երբեմն դավաճանական որոշումներ, ու մենք հասանք այս վիճակին». Վազգեն Մանուկյան
Ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում դիմելով ժողովրդին՝ շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո առաջին քայլը եղավ Արցախի բանակի գլխատումը, դրանից զատ, վարկաբեկվում էր Հայաստանի բանակը։
«Մենք կորցրեցինք մեր բոլոր դաշնակիցներին, Ռուսաստանի նման հզոր դաշնակիցը կորցրեց մեր նկատմամբ վստահությունը, Չինաստանը երեսը շուռ տվեց, Իրանը մեզ չէր վստահում, և այդպես միայնակ գնացինք առաջ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ, հակասական և գրգռիչ հայտարարություններն ամեն օր մեզ մոտեցնում էին պատերազմին։ Պատերազմը սկսվեց՝ հենց առաջին օրվանից եղան անգրագետ և երբեմն դավաճանական որոշումներ, ու մենք հասանք այս վիճակին։ Մենք կարող էինք կանխել պատերազմը, մենք կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ, մենք կարող էինք շուտ ավարտել փոքր կորուստներով՝ այդ ամենը չեղավ։ Հիմա դրան ավելանում է երկրորդ խայտառակությունը՝ աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որն իրենց հետևողականորեն տարավ պարտության, մինչև հիմա ղեկին է, նման բան աշխարհում չի լինում։
Սակայն սա միայն արժանապատվության հարց չէ, նրա ամեն օրը մեզ ամիսներով հետ է գցում, ոչ միայն կաթվածահար է Կառավարությունը, այլ նրանք որևէ ազգային ձգտում չունեն, համաշխարհային ձգտում էլ չունեն, մարդիկ են, որոնց մեջ ոչ մի ձող չկա, ոչ մի բանի պիտանի չեն։ Որքան շուտ մենք նրանց հեռացնենք, այնքան արագ մենք կգնանք այն ուղղությամբ, որով 1988 թվականին հասանք հաղթանակների։ Նիկոլ Փաշինյանը պետք է մի բան էլ հասկանա, որ այս շարժումը, որը ստեղծված է, որքան շուտ կամավոր հրաժարական տա, այնքան իրեն լավ՝ շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»,- նշեց Վազգեն Մանուկյանը։
Շարունակելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածու Մանուկյանն ասաց, որ սա այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով Հայաստանում փոխել իրավիճակը՝ ձախողվեց՝ ավելի վատ է լինելու։ Բայց Փաշինյանն ամեն դեպքում գնալու է, այդտեղ հարց չկա։