Մոսկվայում սկսվել են Covid-19-ի դեմ ռիսկային խմբերի պատվաստումները. ինչ են պատմել պատվաստվածները
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում սկսվել են կորոնավիրուսի դեմ ռիսկային խմբերի պատվաստումները՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին օրը «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցն այցելել է պատվաստումների կենտրոն և պարզել, թե որքան մարդ է ցանկանում պատվաստվել:
Պատվաստումների կենտրոնները բացվել են շաբաթ օրը՝ դեկտեմբերի 5-ին առավոտյան 08-00-ին և բաց կլինեն ամեն օր մինչև 20:00-ն:
Պոլիկլինիկաներից մեկի տնօրեն Մարիա Սոկոլովան ասել է, որ 10 րոպե է հատկացված պատվաստման համար, օրական կարող են կատարել մինչև 100 մարդու պատվաստում:
Նախորդ օրը SMS հաղորդագրություններ են ուղարկվել ռիսկի խմբի անձանց: «Անցած գիշեր ես աշխատանքից տուն եկա, և ժամը 9-ին գրանցվեցի: Առավոտյան էլ sms ստացա», – ասել է սոցիալական ծառայության աշխատակից Անդրեյը, ով առաջիններից մեկն է, որ պատվաստվել է: Նա նաև նշել է, որ առանձնապես ցավային ազդեցություն չկա, ներարկման պահին մի փոքր՝ մեկ րոպեից էլ քիչ ցավ է լինում, հետո անցնում է: «Ոչ մի սարսափելի բան չկա»,-ասել է նա:
«Մի փոքր հուզմունք, բայց ինձ լավ եմ զգում, ինձ վատ չեմ զգում»,-ասել է բուժաշխատող Մարինան:
Պատվաստանյութը ստանալուց և պատվաստանյութի նկատմամբ մարմնի արձագանքների մասին ծանուցելուց հետո անձին ուղեկցում են հանգստի գոտի: Այնտեղ նա հանգստանում է 30 րոպե: Նա կարող է ամսագիր կարդալ, երաժշտություն լսել: Այս ամբողջ ընթացքում նրա մոտ լինում է բուժաշխատող, որը պատրաստ է օգնել և պատասխանել հարցերին: Բոլոր ընթացակարգերից հետո անձին տրվում է վկայական, և գրանցվում է երկրորդ չափաբաժինը ստանալու համար: