«Նիկո՛լ, դու հայրենասպան ես, ֆեյք ես, մոլագար ես․․․». Վանեցյան

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված բազմամարդ հանրահավաքի ժամանակ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ելույթում ասաց.

«Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին հասցնելուց, այն պարտության տանելուց, խայտառակ պայմաններով այն, իբր թե, ավարտելուց, երկիրը անդունդի եզրին հասցնելուց հետո, մենք այս պահին Հայաստանի վարչապետի աթոռին ունենք ընդամենը 1 քաղաքական դիակ:  ՀՀ վարչապետի քաղաքական դին է դա: Աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է և այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ: Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է, իսկ արդյոք բարոյական մա՞րդ էր քաղաքական դիակը: Ոչ»,- ասաց Վանեցյանը:

Նա շեշտեց, որ անցնող 2.5 տարիների ընթացքում իրական կյանքը փոխարինվել է կեղծ իրականությամբ, ինչն էլ նպաստել է պատերազմում պարտություն կրելուն:

«Քաղաքական դիակը պարզապես մի ֆեյք էր: Պետության քանդման ու նաև պատերազմում պարտության  գործում մեծագույն դեր է ունեցել և դեռ շարունակում է ունենալ կեղծ իրականությունը՝ ֆեյսբուքյան իրականությունը: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը, դրա փոխարեն՝ կառուցելով վիրտուալ Հայաստան, իսկ վիրտուալ հայրենիքն իրական հայրենիքից տարբերվում է նրանով, որ դրանում սահմաններ չկան, չկա նաև այդ սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն: Վիրտուալ հայրենիքի անսահմանությունը Նիկոլ Փաշինյանը կիրառել է իրական հայրենիքի նկատմամբ՝ թշնամուն հանձնելով Արցախի մեծ մասն ու սպառնալիքի տակ դնելով Հայաստանի անվտանգությունը: Վիրտուալ հայրենիքում արժևորվում է ոչ թե իրական մարդու կյանքը, այլ թվացյալ հավանությունը՝ լայքը: Ահա այդ վիրտուալ իրականությունն է նաև նպաստել պետության քանդմանը, այնտեղ տիրող անիշխանությունն ու քաոսը տեղափոխվել է մեր պետություն, հետևաբար՝ հանգուցյալն ուղղակի ֆեյք էր: Այո, մեզանում ընդունված է՝ հանգուցյալի մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ, բայց հիմա քանի դեռ նեխող դին քերելով չենք կարողանում պոկել սոսնձված աթոռից, դեռ մի քիչ էլ գործ ունենք անելու, հետո կորդեգրեմ ոչնչի ճանապարհը»,- ասաց Վանեցյանը:

«Հայրենիք» կուսակցության ղեկավարը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է, որ ստում է ամեն օր և ամենուր:

«Նա մոլագար էր, արկածախնդիր էր, անկարող էր, տգետ էր, անհավասարակշիռ մոլագար էր»,- ասաց Վանեցյանը:

Հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի արած այն պնդումը, թե նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունը ստորագրել է, քանի որ այլընտրանք չի եղել: Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ իրենք բոլոր կարող ուժերով կառուցելու են այնպիսի իշխանություն, որը չի կայացնելու պարտադրված որոշումներ, դրանք հիմնված են լինելու այլընտրանքների վրա: Վանեցյանի պնդմամբ՝ պատերազմում մեր պարտության պատճառը ոչ միայն  Ռուսաստանի, այլև մյուս բոլոր երկրների հետ մեր հարաբերությունների վատ վիճակն էր: «Հայրենիք» կուսակցության ղեկավարը նշեց, որ պատերազմի և մեր երկրի իշխանության նկատմամբ անվստահության պատճառով ոչ միայն նոր ներդրումներ չեն կատարվելու մեր երկրում, այլև արդեն ներդրումներ անողները խուսափելու են դրանք շարունակել:

«Պետք է հստակ գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու ամեն մի օրը հավասար է Հայաստանի չստացած եկամուտների և կորսված հնարավորությունների: Իշխանության մնալով՝ Նիկոլ Փաշինյանը թալանում է Հայաստանի քաղաքացուն, ժողովրդին, քանի որ իր գոյությամբ արգելափակում է ցանկացած նոր ներդրում, որը կարող է նպաստել ժողովրդի բարեկեցությանը, նա խանգարում է  յուրաքանչյուրին ավելի լավ կյանք ունենալու հարցում: Սա պետք է գիտակցի ամեն մի քաղաքացի և այս գիտակցումից բխեցնի մի քաղաքացիական և քաղաքական վարքագիծ: Նիկո՛լ, դու թալանչի ես»,- ասաց Վանեցյանը:

Իսկ ելույթի վերջում Արթուր Վանեցյանը կրկնեց այսօր հնչեցված նոր կարգախոսը՝ «Առանց Նիկոլ Հայաստան»:

Տեսանյութեր

Լրահոս