«Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից». Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ից ուղերձ էր հղել հանրահավաքի մասնակիցներին

Ազատության հրապարակում ընթացող «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում, քանի որ հանրահավաքից առաջ նրան հրավիրել են ԱԱԾ։

Սակայն Գագիկ Ծառուկյանը  ժողովրդին ուղերձ էր հղել, որն ընթերցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Մինչ ուղերձի ընթերցումը, Իվետա Տոնոյանը նշեց, որ իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով են ԲՀԿ առաջնորդին կանչել ԱԱԾ, որպեսզի նա հնարավորություն չունենա խոսելու ժողովրդի հետ։

Այուհետև ընթերցեց ուղերձը, որտեղ, մասնավորապես, նշված էր. «Սիրելի ժողովուրդ, Արցախից եկած քույրեր ու եղբայրներ, Ազատության հրապարակում այսօր ես պետք է լինեի ձեր կողքին, պետք է խոսեի ձեզ հետ մեր երկրին հասած պատուհասի և դրանից հնարավոր ելքերի մասին, բայց ինչպես գիտեք՝ հերթական անգամ վախկոտ իշխանությունների ձեռքով գտնվում եմ ԱԱԾ-ում, նորից կանչել են հարցաքննության։ Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից, ամեն ինչ անում, որպեսզի ես չկարողանամ հանդիպել իմ ժողովրդի հետ։ Ես նախկինում ասել եմ և հիմա կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձանից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետևանքներից, անտուն ու անհայրենիք մնացած մեր արցախցիների զայրույթից, զավակ կորցրած ծնողի ցասումից։ Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելու համար ընդունակ է անգամ ամենաստոր քայլերի։ Որքան էլ ինձ համար ցավալի է այս մասին խոսելը, ես դեռևս ամիսներ առաջ կանխատեսում էի, որ մեր երկրի իշխանությունների խայտառակ քաղաքականության պատճառով մոտալուտ վտանգ է սպասվում»։

Իր ուղերձում Գագիկ Ծառուկյանը նաև հիշեցրել էր, որ դեռևս հուլիսին էր հայտարարել, որ բացառիկ տաղանդ է պետք ունենալ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները վատացնելու համար, այն ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի, որը կրկին օգնության ձեռք մեկնեց ու կանգնեց հայ ժողովրդի կողքին։

«Պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կունենա վարելու նոր բանակցություններ։ Իհարկե, այս փուլում, դժբախտաբար, Արցախը հետ բերել չենք կարող, բայց գոնե նոր իշխանությունը հնարավորություն կունենա մինիմումի հասցնել խայտառակ փաստաթղթի արդյունքում եղած հետևանքները։ Փոխանակ Նիկոլ Փաշինյանն ընդունելով իր և իր թիմի խայտառակ պարտությունը՝ ներողություն խնդրի ու հեռանա, նա իր պարտությունն ամեն օր մեկի վրա  է բարդում»,- նշված էր ուղերձում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս