«Վազգեն Մանուկյանն անավարտ առաքելություն ունի հայ ժողովրդի ու Վերամիավորված Հայաստանի Հանրապետության առջև»․ Հրանտ Խաչատրյան
Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ անավարտ առաքելություն ունի հայ ժողովրդի ու Վերամիավորված Հայաստանի Հանրապետության առջև։ Նա ասպարեզում մնացել է իր հռչակած հայեցակարգի կենսունակությունն ապացուցելու նվազագույն հնարավորությունն օգտագործելու համար։
Վազգեն Մանուկյանը անցումային վարչապետի դերում անկասկած կհամակարգի Հայոց պետականության փշուրներն ի մի բերելու ու Երկիրը անկառավարելի, շոկային վիճակից դուրս բերելու գործընթացը, եթե հերթական անգամ նրան սատարող ուժերը չվարվեն նրա հետ ճիշտ այնպես, ինչպես որ վարվել են նախկինում առնվազն երեք անգամ։
Պատահական չէ, որ Վազգեն Մանուկյանին սատարող ուժերը, լինելով պատեհապաշտ, ներկա պահին ճիշտ համադրելով խմբակային ու հանրային շահը՝ միևնույն ժամանակ իրենց առաջադրած թեկնածուի հետ սակարկում են նրա հնարավոր պաշտոնավարության ժամկետները ու բարեկամաբար պարտադրում են ընդունել «ժամանակավոր» տիտղոսը։
Խորապես համոզված եմ, որ եթե անցումային շրջանը հաջող ընթանա, ապա այնուհետ իշխանության նոր կազմի թեկնածուներին ու նրանց դասավորությունը պետք է որոշեն ոչ թե այսօրվա դրությամբ սնանկ ու ամուլ, լավագույն դեպքում խակ քաղաքական միավորները, ոչ թե այսօրվա պարտադրված պայմանավորվածություններն ու «խոստումները», այլ հասարակաության այն ակտիվ հատվածը, որը Երկր նկատմամբ սրտացավ ու կառուցողական աշխատանքով արժանի կդառնա դավադիր պատերազմի պանծալի զոհերի հիշատակին։
Հ.Գ. Այսօրվա հանրահավաքում նույնպես ոչ ոք, այդ թվում ընդդիմության միասնական անցումային («ժամանակավոր») թեկնածուն, մեզ չի ասելու ողջ ճշմարտությունը։ Բայց ապավինելով Ազատության հրապարակում փրկիչներ որոնելու բարի ու չար ավանդույթների բազմամյա փորձին ու ազատամիտ մարդկանց տողատակերում կարդալու ունակությանը՝ պետք է այս անգամ գտնենք ոչ թե փրկիչների, այլ ավերված Հայաստանը կառուցողական հուն մտցնելու ունակ կայուն գաղափարներով սրտացավ մարդկանց։
Երկրի իշխանության բարձրագույն մարմնի, Ազգային ժողովի որակյալ մեծամասնությանը պետք է զերծ պահենք խայտառակ ու ստորացուցիչ առնետավազքերի կրկնությունից՝ ինչը երբևէ լավ բանի չի հանգեցրել։
#ՄԻԱՑՈՒՄ #ՄԻԱՑՈՒՄ_XXI»։