ԿԳՄՍ-ն նորից պետք է բաժանել մասերի. Բյուրականի աստղադիտարանի տնօրենի առաջարկը

Արմեն Սարգսյանը նոյեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել, որով Վահրամ Դումանյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

Գիտության ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ առաջնային քայլը, որ պետք է արվի, դա այն է, որ տեսնում են կրթության և մշակույթի նախարարությունների բաժանման անհրաժեշտությունը:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն  Արեգ Միքայելյանի կարծիքով՝ այն սիստեմը, որ հիմա ստեղծել են,  ում էլ նշանակես՝ նա չի կարող կոմպետենտ մարդ համարվել:

«ԿԳՄՍ նոր նախարարը գիտության մարդ է և կարող է  գիտության հարցում լավ լինել, սակայն չես կարող ասել, թե մյուս ոլորտներում ինչպես կլինի: Կարծում եմ՝ ԿԳՄՍ-ն նորից պետք է բաժանել մասերի, քանի որ մշակույթի խնդիրներն այլ են, գիտությանը՝ այլ, նույնիսկ կրթությանն է այլ: Հայտնի է, որ 2007 թվականից գոյություն ունեցող Գիտության կոմիտեն  այն ժամանակվանից  առանձնացված ստորաբաժանում է և որևէ առնչություն չի ունեցել  Կրթության նախարարության հետ, չնայած համարվել է նախարարությանը կից ինչ-որ մարմին: Ասել է թե՝  առանձին մարդիկ են գիտությամբ զբաղվել. ոչ նախարարն է զբաղվել, ոչ տեղակալները, ոչ էլ որևէ բաժին: Այսինքն՝ ձևականությունից դուրս գալու ժամանակն է: Եթե թողնենք այս նույն համակարգը՝ հնարավոր է, որ նոր նախարարն էլ ոչ մի բան չանի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը՝ հորդորելով հշել, թե ԿԳ որ նախարարն ինչ կապ է ունեցել գիտության հետ և ինչ է արել գիտության համար:

«Ոչ մի բան էլ չեն արել: Հիմնականում զբաղվել են կրթությամբ… դե, նախկինում ամենաշատը զբաղվում էին ընդունելության քննություններով, որովհետև լավ կաշառքներ էին վերցնում,  իրենց մտածմունքի առարկան դա էր, իսկ հիմա որ միացրել են, ընդհանրապես խառնաշփոթ է: Իմաստը ո՞րն էր: Սրանով նաև մեր երկրում նսեմացնում են  գիտության, կրթության և մշակույթի դերը:  Ուզում են ասել՝ մի նախարարությունը բավարար է, թող ամեն ինչով զբաղվի: Դա նույնն է, ոնց որ  ՊՆ-ն միացնեն ԱԱԾ-ին, Ոստիկանությանը ու ասեն՝ այսքանը միասին թող մի ձև առաջ տանի:  Նշանակում է՝ այդ ոլորտների դերը դու նսեմացնում ես: Ինչքան առանձին են, այնքան դու դրա նշանակությունը կարևորում ես: Եթե հիմա առանձնացնեն նախարարությունները՝ ճիշտ կանեն»,-  նշեց Արեգ Միքայելյանը:

Տեսանյութեր

Լրահոս