Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 4,561-ի
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4,561-ի։ Այս մասին հայտնել է Բոլիվարական հանրապետության Ազգային ասամբլեայի (խորհրդարանի) նախագահ Խորխե Ռոդրիգեսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համաձայն Ռոդրիգեսի կողմից հրապարակված կառավարական ամենօրյա տեղեկագրի՝ վիրավորվել է 16,740 մարդ, 17,907-ը՝ մնացել անօթևան։ Ամբողջությամբ ավերվել է 190 շենք, 856-ը՝ ստացել զգալի վնասվածքներ։
Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկվել է 6,462 մարդ, 33,085 մարդ բուժօգնություն է ստացել հիվանդանոցներում և բուժհաստատություններում։ Օգնություն է ցուցաբերվել 128,324 ընտանիքի, 20,231 մարդ տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում, տուժածներին փոխանցվել է 10,063 տոննա սննդամթերք։
Հիշեցնենք, որ երկրաշարժը Վենեսուելայում տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Յարակույ նահանգում։ Երկրաշարժից հետո գրանցվել է 1,254 հետցնցում։

