Ալիևը հայտարարել է Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերություններում նոր փուլի մեկնարկի մասին
Բաքվի և Փարիզի համագործակցության մեջ միջպետական հարաբերությունների նոր փուլ է սկսվում։ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Էմանուել Մակրոնին հղած շնորհավորական ուղերձում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ձեզ հետ վերջին շրջանում ունեցած հեռախոսազրույցների և անցյալ տարի Կոպենհագենում մեր հանդիպման ընթացքում ադրբեջանա-ֆրանսիական օրակարգում գտնվող հարցերի, երկկողմ կապերի ներկա վիճակի ու հեռանկարների շուրջ արդյունավետ քննարկումները հիմք են տալիս միջպետական հարաբերությունների պատմության մեջ նոր փուլի մեկնարկի մասին խոսելու համար»,- նշել է Ալիևը։
Նա համոզմունք է հայտնել, որ Բաքուն և Փարիզն այսուհետ ևս, գործընկերության ոգով, համատեղ ջանքեր կգործադրեն երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ տնտեսական, մշակութային, կրթական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Բաքվի և Փարիզի հարաբերությունները վատթարացել էին 2020 թվականին՝ Ղարաբաղյան հակամարտության ֆոնին։ 2025 թվականի հոկտեմբերին վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ Կոպենհագենում կայացել է Ալիևի և Մակրոնի հանդիպումը։ Դրանից հետո Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Փարիզը հարթել են երկկողմ հարաբերություններում առկա տարաձայնությունները։

