«Այո, հնարավոր էր կանգնեցնել պատերազմը». Ռոբերտ Քոչարյանը ուշագրավ մանրամասներ է ներկայացնում Արցախից
«Պատերազմի երրորդ օրը ես Ղարաբաղում էի, ուշացա դատական նիստի պատճառով, թե չէ հենց առաջին օրը այնտեղ կլինեի, կիրակի օրը սկսվեց պատերազմը, երեքշաբթի օրը դատական նիստը երբ հետաձգվեց, նույն օրը հենց շարժվեցի և երեկոյան Ղարաբաղում էի: Ընդամենը պահանջվեց մեկ ու կես օր, երկու օր հասկանալու համար, որ մենք լրջագույն պրոբլեմի առաջ ենք, և օր առաջ պետք է կանգնեցնել այս պատերազմը, թեկուզ լուրջ զիջումներով: Օր առաջ»,-5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ազերիների տեխնոլոգիական առավելությունը ակնհայտ էր, իսկ մեր մոտ, մենք ուղղակի տեսնում էինք կազմակերպչական լուրջ խնդիրներ, ես չգիտեի, որ համալրումն է դադարեցված և մի շարք այլ կազմակերպչական ուղղակի անհեթեթություններ, որոնք գալիս էին, կրկնում եմ, քաղաքական իշխանությունից: Այն ժամանակ ես կիսվեցի որոշ գաղափարներով և՛ Արկադի Ղուկասյանի հետ, և՛ Բակո Սահակյանի հետ, և Բակո Սահակյանը առաջարկեց հանդիպում կազմակերպել Արայիկ Հարությունյանի հետ։ Ես Արայիկ Հարությունյանի նկատմամբ առանձնապես համակրանք չեմ ունեցել երբեք, բայց, այնուամենայնիվ, հանգամանքներից ելնելով, համարեցի, որ այո, պետք է կիսվել գործող նախագահի հետ և մտահոգություններով և որոշ առաջարկներով, թե ինչ է պետք անել այս իրավիճակում։
Բակո Սահակյանը գնաց այդ հանդիպումը կազմակերպելու համար, երբ որ հետ եկավ, ուղղակի տարակուսանք էր իր դեմքին, ասում է՝ չի ուզում, ավելի շուտ՝ ոչ թե չի ուզում, այլ Արայիկ Հարությունյանն ասում է, թե՝ չեմ կարող սա անել, եթե ես հանդիպեմ, ինձ կուտեն և այդ հանդիպումը վատ կանդրադառնա Ղարաբաղի վրա: Չեմ ուզում մանրամասնություններով կիսվել, թե ինչի համար և ինչ կանի Հայաստանը, չեմ ուզում դրա մասին խոսել, քանի որ այդ խոսակցությունը ուրիշ մարդու հետ խոսակցություն է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Դիտարկմանը՝ դե, կարող ենք ենթադրել, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը կարող էր ուղղակի արգելել, որ տեխնիկա գնա, կամ զորքը արգելեր, որ գնա, նա այսպես արձագանքեց․ «Ինչ կապված է ենթադրության հետ… Սա ենթադրություն չէ, ես ունեմ կոնկրետ պատասխան, ուղղակի չեմ ուզում այդ ամենը բացահայտել, քանի որ խոսակցությունը եղել է Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի միջև։ Ի դեպ, պարտության պատճառներից նաև մեկը փորձված, պատերազմի միջով անցած, հաջողություններ ունեցած հրամանատարների չեզոքացումն էր: Հենց այդ օրերին, երբ ես մտել եմ վետերանների միություն, ես տեսա բոլոր փառավոր վետերաններին այնտեղ հավաքված, ջղայնացա, ասեցի՝ այստեղ ի՞նչ եք անում, դուք ինչո՞ւ եք այստեղ, ամեն մեկդ մի ուղությամբ պետք է իր վրա ինչ-որ բան վերցնի։ Ասում են՝ պարոն նախագահ մեզ նոր հանեցին այդ հրամանատարական կետից վարչապետի հրահանգով։ Կոնկրետ Լևոն Մնացականյանը ասում է՝ մենք այնտեղ էինք Ջալալին օգնելու համար, մեզ ասացին, որ մենք դուրս գանք, ասաց ուղղակի վարչապետը սելեկտորային ինչ-որ խորհրդակցության ժամանակ: Եվ նայեք, սրանք այն հրամանատարներն էին, որոնք կառուցել են այդ բնագիծը, այն հրամատարներն էին, որոնք խրամատներում չեն կռվել, 92-94 թվականներին մենք նույնիսկ չենք հասցրել խրամատներ փորել և հենց այդպիսի հրամանատարներ են պետք եղել այս պատերազմում այն ուղղություներով, որտեղ ադրբեջանական բանակը ուղղակի մխրճվելով մեր տարածքների մեջ, արագ առաջ էին գնում, որովհետև վերջին տարիներին մեր ամբողջ թրեյնինգը եղել է բունկերային խրամատներում պաշտպանված կամերաներով ռազմաճակատը ղեկավարելու ուղությամբ, որը ճիշտ է, եթե ունես լավ պատրաստած, ամուր բնագիծ։ Բայց այդ ամենը խառնվեց, և հենց այդպիսի հրամանատարներ էին պետք, երբ իրենցից ոմանց արդեն պատերազմի վերջերում սկսել են հրավիրել որոշ խնդիրներ լուծելու համար, բայց արդեն ուշ էր, գնացքն արդեն գնացել էր։ Ներգրավեցին և՛ Արշավիր Ղարամյանին և՛ Լևոն Մնացականյանին, բայց կրկնում եմ, արդեն ուշ էր: Հիմա սա է, չօգտագործվեց ներուժը, պատերազմի արդեն չորրորդ, հինգերոդ օրը ակնհայտ էր, որ պետք է կանգնեցնել այս պատերազմը։ Հետո մենք իմացանք, որ երրրոդ օրը պատերազմի ԳՇ-ն զեկուցել է, անարդյունք: Ես չգիտեի այդ զեկույցի մասին»։
Հարցին՝ այսինքն հնարավո՞ր է եղել կանգնեցնել պատերազմը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Չեմ կասկածում, որ հնարավոր է եղել: Օրինակ, ես փորձել էի, մտադրված էի նաև այս ամենի մասին պատմել, նաև որոշ քայլեր առաջարկել Արայիկ Հարությունյանին, թե ինչ է պետք անել կանգնեցնելու համար։ Առաջինը իր այդ հայտարարությունները գիտեք՝ առաջնագծում նկարվել, չգիտեմ, սուրճ խմել, հիշում եմ մի նախադասությունը՝ «պատերազմ եք ուզում, պատերազմ եք ստանալու», այն վիճակը չէր, լուրջ աշխատելու ժամանակն էր, ոչ թե աքլորանալու ժամանակն էր, պահի պահանջ էր։ Այո, հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, հնարավոր էր կանգնեցնել․ այսպես ձևակերպեմ, վարչապետը պարտավոր էր պատերազմը կանգնեցնել հաջորդ օրը, երբ ինքը գլխավոր շտաբի կողմից ստացավ այդ զեկույցը: Երրորդ օրը ստացավ, չորրորդ օրը պիտի ընդուներ Լավրովի պլանը և կանգնեցներ պատերազմը: Կոնկերտ ժամկետներով, նույնիսկ եթե դա ենթադրում էր տարածքների վերադարձ, այն ժամանակ հարավում ադրբեջանցիք երեք-չորս կիլոմետրի չափով էին առաջ գնացել, ընդամենը: Եվ ունեինք այդ ժամանակ ընդամենը 500 զոհ, բայց պատերազմը կանգեցվեց 44-րդ օրը, մի քանի հազար զոհ ունենալուց հետո, ավելի քան տասը հազար վիրավոր ունենալու հետո և վատագույն սցենարով։ Տարածքները կորցնելուց հետո, առանց որևէ հեռանկարի՝ կարգավիճակը քննարկելու առումով: Չկա ոչ մի բան ֆիքսած: Կրկնում եմ, սա ուղղակի չի տեղավորվում իմ ուղեղում: Ինչո՞ւ չես կանգնեցրել պատերազմը չորրորդ օրը, երբ արդեն քո զինվորականները քեզ ասում էին՝ մենք անխուսաելիորեն պարտվում ենք»։
Լրագրողը նկատեց․ «Փաշինյանն ասում է՝ ինձ դավաճան կասեին, պա՛րոն Նախագահ»։
Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Հիմա դրա մասին: Եվս պետք է խոսեմ այն ստերի մասին, որոնք հրամցնում էին մեր ժողովրդին: Առաջին օրից, որ մենք հաղթում էինք, եթե մի տեղ հետ ենք գնացել, ապա տակտիկական նահանջ էր, թշնամուն օղակ մտցնելու և հետո ջախջախելու համար․ այդ սուտը բանակը չէր տարածում, Արծրունն էր հնչեցնում զինվորական հագուստով, այդ սուտը ես գիտեմ որտեղ էր պատրաստվում։ Հիմա գերագույն գլխավոր հրամանատարը իր հորինած ստերի գերին էր դարձել։ Հիմա պատկերացրեք, եթե ժողովուրդը իմանար, թե ինչ էր կատարվում, եթե իմանար, որ պարտվում է, եթե իմանար զոհերի իրական թիվը, չէր ասի, որ սա դավաճան է, կասեր՝ ճիշտ որոշում կայացրեց և ճիշտ պահին, բայց երբ որ քո ամբողջ քարոզչական մեքենան ասում է, որ մենք հաղթում ենք, մենք Գետաշենում ենք, մենք Շահումյանում ենք և այդ հաղթարշավի մեջ գտնվող երկրի ղեկավարը հանկարծ ասում է՝ հոպ, զիջումներով մի պայմանագիր է ստորագրում, իհարկե՝ ասելու էին դավաճան է:
Քեզ ասելու են դավաճան, որովհետև դու հորինել ես մի հեքիաթ, որը իրականության հետ կապ չուներ և ամբողջ երկիրը գերի է դարձել քո ստերին, դու ինքնդ ես գերի դարձել քո ստերին: Մեկ սուտ ծնում է մեկ ուրիշ սուտ, մեկ ուրիշ սուտ ծնում է մեկ ուրիշը, դա հայտնի բան է: Ինձ հասկացաք։ Մարդիկ եթե իմանային ճշմարտությունը, մարդիկ կասեին՝ հա դժվար քայլ էր, բայց լավ է, որ արեց։ Մեկ է՝ նույնը արեց, և հիմա կարող ենք ասել, որ այո, դավաճանություն էր, այո, անպատասխանատվություն էր, այո, արհամարհանք, չեմ կարողանում ուղղակի նորմատիվային լեքսիկոնում մնալ, չեմ ուզում անցնել։ Դու պարտավոր էիր կանգնեցնել չորրորդ օրը»։