«Փաշինյանը գրեթե չունի աջակիցներ, եթե հանենք էն մանկապարտեզի անունը՝  Ազգային ժողովը». Հայկ Մամիջանյան

Կառավարության շենքի մոտ դեղեր բերելու համար այսօր բերման էին ենթարկվել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը և մի քանի երիտասարդ:

«Ոստիկանությունը շատ վատ դրության մեջ է  հայտնվել մեր այժմյան իշխանությունների, ժամանակավոր իշխանությունների պատճառով, որովհետև թե՛ բերման ենթարկող ոստիկանները, և թե՛ այստեղ՝ բաժանմունքում, ոչ ոք այդպես էլ չկարողացավ ներկայացնել հիմք, թե ինչի համար ենք մենք բերման ենթարկվում: Փորձեցին հաստատել, որ դա անձը հաստատելու, անձը պարզելու համար էր, որը անհեթեթություն է, որովհետև մենք պատրաստ էինք ներկայանալ դեռևս Հանրապետության հրապարակում: Միակ նպատակը ակցիան կամ գործողությունը տապալելն էր, որն աբսուրդային էր: Մենք որևէ բան չէինք անում, ընդամենը մարդասիրական քայլ էր այժմյան իշխանությունների նկատմամբ»,- Ոստիկանության կենտրոնի բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը:

Հ. Մամիջանյանը վստահաբար նշեց, թե իրենց կատարած՝ կառավարություն դեղեր բերելու գործողությանը, կողմ են անխտիր ՀՀ բոլոր քաղաքացիները:

«Ես կարծում եմ, որ Հայաստանում չկա գոնե մեկ քաղաքացի, կապ չունի՝ ինքը պարոն Փաշինյանին սատարել է, սատարում է, կամ չի սատարում, որը չկիսի էն գործողությունը, որն էսօր կատարվել է Հանրապետության  հրապարակում: Չկա գոնե մեկ ՀՀ քաղաքացի, որը դրա հետ համաձայն չլինի»,- ասաց վերջինս:

Մամիջանյանի խոսքով՝ այս պահին կառավարություն չկա, կա մարդկանց խումբ, որոնք փորձում են փրկել իրենց աթոռը: Նա վստահեցրեց, որ օրենքով սահմանված և թույլատրված անխտիր բոլոր լծակներն օգտագործելու են, որպեսզի երկրում ունենանք «ոչ դավաճանական, ազգանպաստ աշխատող կառավարություն»:

«Իսկ ինչ վերաբերում է ընթացիկ գործընթացներին, թե՛ երեկվա ակցիաները, թե՛ այսօր, թե՛ իրավապահների գործողությունները, թե՛, ամենակարևորը, մեր համաքաղաքացիների պահվածքը, ցույց է տալիս, որ պարոն Փաշինյանը գրեթե չունի աջակիցներ, եթե հանենք էն մարդկանց, էն մանկապարտեզի անունը՝ Ազգային ժողովը, եթե հանենք այդ մարդկանց, մնացած աջակիցներ ինքն այլևս չունի, որովհետև երեկվա փողոցում փակված, խցանման մեջ կանգնած մարդիկ կամ անցորդները, որևէ մեկը դժգոհություն չէր հայտնում այդ անհարմարության, փոքր անհարմարության համար: Կարծում եմ՝ լավ կլինի, որ պարոն Փաշինյանին կա՛մ իրականությունը զեկուցեն, կա՛մ ինքը վերադառնա իրականություն, կա՛մ ինքը հեռանա: Վերջին տարբերակը լավագույնն է իր համար»,- նշեց Մամիջանյանը:

Տեսանյութեր

Լրահոս