Առողջապահության նախարարությունն ուսումնական գործընթացը վերսկսելու հարցում ռիսկեր է տեսնում

Այս շաբաթ ևս Հայաստանում կորոնավիրուսի վարակման օրական դեպքերի թիվը շարունակում է հատել է 1000-ի սահմանը: Այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1184 նոր դեպք:  Սա, սակայն, չի խանգարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ շրջաբերական գրությամբ դիմել մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ դեկտեմբերի 7-ից հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների համար դասերն առկա կազմակերպելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ համաձայն մինչ այդ տրված կարգավորման՝ կազմակերպված է 1-4-րդ դասարանների, ինչպես նաև ներհամայնքային տրանսպորտ չունեցող համայնքների բոլոր դասարանների ուսումնական գործընթացը:

168.amԿԳՄՍ նորանշանակ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանից հետաքրքրվեց, թե ինչ հիմնավորմամբ է նախարարությունը նման որոշում կայացրել, եթե կորոնավիրուսային վարակման թվերի պատկերը շարունակում է մնալ ռիսկային, նա խոստացավ պատասխանել մեր գրավոր հարցմանը:

Հարցումն ուղարկված է, և պատասխանի դեպքում՝ այն կհրապարակենք:

Քանի որ ԿԳՄՍ շրջաբերականում նշվում է, որ որոշումը կայացվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ, մենք որոշեցինք նաև ծանոթանալ ԱՆ դիրքորոշման հետ:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մասնավորապես տեղեկացրեց, որ դպրոցների վերաբացման առաջարկը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությունը, ապա հայտնեց նախարարության տեսակետը. «Մենք այն կարծիքին ենք, որ դպրոցի վերաբացման գործընթացն այս  մասշտաբով կարող է առաջացնել որոշակի ռիսկեր, որպեսզի դեպքերն աճեն»:

ԱՆ մամուլի խոսնակը միաժամանակ հավելեց, որ վերջնական որոշում կայացնողը ԿԳՄՍ նախարարությունն է:

Փաստորեն, Առողջապահության նախարարությունը գործընթացը համարում է ռիսկային, իսկ Կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարությունը,  այդուհանդերձ, տարածում է գործընթացի կազմակերպման շրջաբերական:

Իսկ թե ո՞ր նախարարությանը հետևի քաղաքացին, ու այս իրավիճակում ինչպե՞ս առաջնորդվի ծնողը՝ անորոշ է:

Տեսանյութեր

Լրահոս