«Այդքան բարոյականություն չունեն ընդունելու իրենց մեղքը՝ լավ հրամանատարից ոչ մի դասալիք չի ծնվում». Գագիկ Գինոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում, երբ Նիկոլ Փաշինյանը, ով  նոյեմբերի 10-ին ստորագրեց հայտնի եռակողմ հայտարարությունը, որով թշնամուն հանձնեց Արցախի մեծ մասը, սկսեց հանդես գալ հայտարարություններով, թե բանակն է պարտվել, զինվորները բարոյալքված էին, շատերը փախչում էին առաջնագծից և այլն։ Չնայած, նրա այս հայտարարություններից հետո եղան բազմաթիվ հակադարձումներ, մասնավորապես առաջնագծից վերադարձածների մակարդակով, այդուհանդերձ՝ Նիկոլ Փաշինյանը և նորանշանակ ՀՀ արտաքին գործերի նախարարը շարունակում են պնդել, որ պարտվել է բանակը, այլ ոչ թե՝ դիվանագիտությունը։

168.am-ի հետ զրույցում «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով երկար ժամանակ եղել է առաջնագծում և անձամբ է տեսել հայ զինվորներին մարտնչելիս, ասաց՝ առնվազն մանիպուլյացիա է՝ մեղքը ենթակայի վրա բարդել։

«Այդ ամենի գերագույն գլխավոր հրամանատարն ինքն էր։ Նժդեհն ասում էր. «Բոլոր պարտությունների մեղավորները հրամանատարներն են, բոլոր հաղթանակներն էլ պետք է բաժանել զինվորների և ենթակաների մեջ, իսկ մեծ բաժինը դնել նահատակների շիրիմներին»։ Այս մարդիկ այդքան բարոյականություն չունեն ընդունելու իրենց մեղքը՝ լավ հրամանատարից ոչ մի դասալիք չի ծնվում, եթե իրենք ճիշտ հրամանատար լինեին, ապա իրենց բանակը կկռվեր, իսկ բանակն առանց հրամանատարի է կռվել։ Հարցն այն է, որ իրենք Հադրութը վաղուց հանձնել էին, բայց հակառակ իրենց նահանջի հրամանի ու առանց հրամանատարի՝ Հադրութը կռվել է։ Արցախի նախագահի խոսնակը հայտարարում է, որ Շուշին իրենց վերահսկողությունից դուրս է, բայց ներսում կռիվ էր գնում, այսինքն՝ ակնհայտ է, թե դասալիքներն ովքեր են։ Անգամ իրենց հրամանատարության բացակայությամբ ազգը կռվել է, ազգը հաղթել է, պարտվել է Կառավարությունը, զինվորը հաղթել է, պարտվել են բանակի ղեկավարները, սա ակհայտ է»,- նշեց Գագիկ Գինոսյանը։

Նա շեշտեց, որ իշխանությանը չի հաջողվելու ազգին դարձնել հոգեբանորեն դասալիք, քանի որ ազգն անպարտելի է, որն անգամ հաղթել է իշխանության տկարությանը, որովհետև անգամ նահանջի հրամանից հետո չէր հանձնում Շուշին, Բերձորը, Հադրութը։

«Իշխանությունը չկարողացավ մինչև վերջ հաղթահարել իր կամայականությունները և ստորագրեցին չարաբաստիկ թուղթը, երբ հանձնված չէր Շուշին, Բերձորը, էլ չեմ խոսում Քարվաճառի և մնացածի մասին։ Կարծում եմ՝ բոլորն էլ գիտեն, որ այդ փաստաթուղթը դեռ չստորագրված՝ նախորդ երեկոյան արդեն խաղաղապահ ուժերն իջել էին Հայաստան և շարժվում էին դեպի Արցախ, երբ փաստաթուղթը չկար, և թուրքական կողմը ռուսական ուղղաթիռը ոչնչացրել է նոյեմբերի 9-ի երեկոյան, իսկ թուղթը հրապարակվել է կեսգիշերից հետո։ Մնացածը թողնում եմ ընթերցողներին, թող ընթերցողը վերլուծի, թե ինչ է կատարվել»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս