«Սա հայաստանյան կողմի կոպիտ բացթողում է, որն արժանացել է իրանական կողմի կոպիտ արձագանքին». Սահակ Շահմուրադյան

168.am-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ  Շահմուրադյանը։

– Պարոն Շահմուրադյան, իրանցի հայտնի ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ Հայաստանից դեռևս պաշտոնական ցավակցություններ չեն հղել Իրանին՝ սա ինչպե՞ս կընկալվի Իրանի կողմից, սա հայկական կողմի բացթողո՞ւմն է, թե՞ Իրանի վերջին շրջանի վարած քաղաքականության արդյունք։

– Նոյեմբերի 27-ին, Թեհրան նահանգի Աբսարդ շրջանում անհայտ անձանց կողմից իրականացրած ահաբեկչական և, ըստ երևույթին, նախապես կազմակերպված բարդ գործողության հետևանքով, սպանվեց իրանցի ականավոր միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն: Իրանական պետական պաշտոնատարները և անվտանգության կառույցները դեպքից անմիջապես հետո միանշանակորեն Իսրայելին մեղադրեցին միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ։

Հատկանշելի է, որ 2018 թ. ապրիլին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրանի միջուկային ծրագրերի դեմ ուղղված հեռուստատեսային իր հայտնի ելույթում նշել էր Մոհսեն Ֆախրիզադեի անունը, հավելելով, որ վերջինս Իրանի միջուկային գիտնականներից է: «Մոհսեն Ֆախրիզադե: Հիշեք այդ անունը»,- ասել էր Նեթանյահուն:  Ըստ իրանցի պաշտոնյաների՝ կան ապացույցներ, որ Իսրայելն այս  սպանությունն իրականացրել է ԱՄՆ-ի  կանաչ լույսով:

Ավելի վաղ 2010-2012 թթ.  Իրանի թշնամիները սպանել են իրանցի միջուկային գիտնականներ Մուստաֆա Ահմադի Ռոշանին, Մասուդ Ալի Մոհամադիին, Մաջիդ Շահրիարիին և Դարիուշ Ռեզաինեժադին:

Մինչ այժմ շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Վենեսուելան, Հարավային Աֆրիկան և Թուրքիան, Ադրբեջանը, դատապարտել են իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը:

Զարմանալի է, որ  չնայած միջազգային լայն արձագանքին,  այս դեպքի կապակցությամբ Հայաստանի իշխանությունները հստակ դիրքորոշում չեն ընդունել Իսլամական Հանրապետության Պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարության բաժինի ղեկավար և միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության վերաբերյալ։ Թերևս, դա բխում է Հայաստանում հետպատերազմյան շրջանում տիրող անորոշության և որոշում կայացնող պետական կամ Արտգործնախարարության ինստիտուտում տիրող քաոսային իրավիճակից, կամ դա կատարվում է դիտավորյալ, քանի որ Հայաստանի որոշ պետական շրջանակներում տիրում է այն թյուր մտայնությունը, որ արցախյան ահռելի պատերազմի ընթացքում Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ չեղավ համապատասխան և համարժեք աջակցություն։ Սակայն, եթե նույնիսկ կա նման միտում, դա միանգամայն սխալ գնահատում է Իրանի մոտեցման վերաբերյալ։ Ինչպես հայտնի է՝ Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանային հարցերի և Լեռնային Ղարաբաղում խաղաղություն և կայունություն հաստատելու համար պատրաստ է՝ նոյեմբերի 9-ին  Մոսկվայում ստորագրված Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եռակողմ հայտարարության շրջանակներում  համագործակցել բախվող երկու կողմերի հետ։ Այժմ Իրանում, զգալով արցախյան պատերազմի ընթացքում թույլ տված ռազմավարական և քաղաքական սխալները, լուրջ քննարկումներ են ծավալվել Հայաստանի հետ հարաբերությունները վերագնահատելու և վերաիմաստավորելու առումով։

Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ընթացքում ԻԻՀ ԱԳՆ խոսնակը վերջին օրերին Իրանի արտաքին քաղաքական ապարատում դիվանագիտական զարգացումների, այդ թվում՝ իրանցի ականավոր միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մասին ասել է. «Ցավոք, միայն մեկ հարևան երկիր դիրքորոշում չի ընդունել Ֆախրիզադեի սպանության վերաբերյալ, սակայն հարևան մնացած երկրները լուրջ դիրքորոշում են որդեգրել և դատապարտել այդ սպանությունը»։ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաաիդ Խաթիբզադեն ընդգծեց, որ դիրքորոշում չընդունած երկիրը նույնպես պետք է փոխի իր քաղաքականությունը:

Այս հարցը պետք է լրջորեն գիտակցեն Հայաստանի ներկայիս իշխանությունները, և հարևան երկրի սխալը չպատասխանել մեկ այլ սխալ մոտեցումով, և վիճակը սրանից ավելի չբարդացնել։ Անկասկած, սա հայաստանյան կողմի կոպիտ բացթողում է, որն արժանացել է իրանական կողմի կոպիտ արձագանքին: Ինչպես տեղեկացել եմ՝ օրերս ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոսական կազմն այս խնդիրը բարձրացրեց ԱԳՆ ներկայացուցիչների առջև, որոնք գտնվում էին Իրանագիտության ամբիոնում, և մասնագիտական քննարկում է անցկացրել Մոհսեն Ֆախրիզադեի սպանության վերաբերյալ ցավակցական պաշտոնական ուղերձ հղելու Իրանի պետությանը։ Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակում, և արտգործնախարարն օր առաջ կհասնեն ողջամիտ արդյունքի և մյուս հարևան երկրների նման՝ ոչ միայն ցավակցություն կհայտնեն միջուկային ֆիզիկոսի սպանության վերաբերյալ, այլև խստագույնս կդատապարտեն այս ահաբեկչական գործողությունը։ Այստեղ պետք է ընդգծել, որ ՀՀ ԱԳՆ խոսնակի մակարդակում հայտարարությունները չեն կարող բավարարել Իրանին, որն արցախյան պատերազմի ընթացքում և չնայած Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Իրանի վրա գործադրվող բազմապիսի ճնշումներին՝ Իրան-Հայաստան սահմանը բաց պահեց և ներկայումս էլ շարունակում է իր ջանքերը Թավրիզ-Մեղրի-Երևան ճանապարհը փրկել՝ Իրանի շահերին հակասող Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ անշահեկան հայտարարության աղետներից։

– Առհասարակ, Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հետ կապված շրջանառվող վարկածներից ո՞րն է ընդունել իրանական կողմը և ի՞նչ քայլեր է ձեռնարկում սպանության պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար։

– Տարբեր վարկածներ կան այս սպանության դեպքի վերաբերյալ։ Մինչ այժմ տարբեր սցենարներ են ներկայացվել երկրի պաշտոնական մարմինների, արտասահմանյան լրատվամիջոցների և իրանական ԶԼՄ-ների կողմից։ Սակայն դրանցից և ոչ մեկի մասին չի կարելի հստակ կարծիք հայտնել։ Այն, ինչ որ հայտնի է, որ Ֆախրիզադեի սպանությունն իրականացվել է պրոֆեսիոնալ ահաբեկչական թիմի միջոցով։   Իրանը հայտարարել է, որ նախ պետք է հավաքել անհրաժեշտ ինֆորմացիան և կատարել հետաքննություն, որպեսզի պարզվեն սպանության հեղինակներն ու իրականացնողները։

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի ղեկավար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հեղինակներին ու այն իրականացնողներին հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար պետք է օգտվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի, մարդու իրավունքների զեկուցողների և Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կարողություններից: Սա շատ ճիշտ և հավասարակշիռ քայլ է, որ Իրանը կիրառել է իր միջուկային գիտնականի սպանությունը միջազգային հարթակում հետապնդելու և միջազգային օրենքի համապատասխան հավանական պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար։

Այս կապակցությամբ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Խամենեին հայտարարել է, որ պետք է պատժել իրանցի միջուկային գիտնականի սպանության պատվիրատուներն ու կատարողներին:

ԻԻՀ պաշտոնատարները հայտարարել են, որ Թեհրանը հաշվարկված և վճռական պատասխան կտա Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը: Նման հայտարարություններով հանդես են եկել Իրանի բազմաթիվ պետական և պաշտոնատար անձինք և զինվորական ու ԻՀՊԿ-ի հրամանատարներ։ Իսկ ի՞նչ է լինելու Իրանի խիստ ու վճռական պատասխանը, պետք է ասել, որ Իրանը գոնե այս պահին, երբ ԱՄՆ-ում արդեն փոխվել է նախկին սկանդալային նախագահ Թրամփը, և մինչև մեկ ամիս իշխանության է գալու նորընտիր նախագահ Ջո Բայդենը, այնուամենայնիվ, չի փորձի ռազմական կամ հրթիռային որոշակի հարվածով պատասխանել սպանված ավագ գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը։ Ինչպես որ երևում է՝ ի տարբերություն  բրիգադային գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, որին Իրանը պատասխանեց ռազմական և հրթիռային հարվածներով Իրաք, այն Ալ-Ասադ ռազմաբազայում տեղակայված ամերիկացի բանակայինների վրա, այս անգամ Իրանը կփորձի դիվանագիտական հարթակում հետևել զոհված գիտնականի հարցին, խուսափելով լուրջ բախման մեջ մտնել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ։

– Այս սպանությունը կարո՞ղ է նոր աշխարհաքաղաքական սկանդալի պատճառ դառնալ։

– Ինչպես ասացի, ԱՄՆ-ում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ և նախագահ է ընտրվել դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը, որի քաղաքականությունը միջուկային համաձայնության վերաբերյալ գոնե մոտ է Իրանի ցանկություններին։ Ավելին, Իրանն առնվազն 3 տարի համբերությամբ դիմադրել է ԱՄՆ-ի կողմից սահմանված կրկնակի և խիստ պատժամիջոցներին, այն հույսով, որ Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո հնարավոր կլինի ՀԳՀԾ-ի ու պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ վերսկսել բանակցություններն ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ։ Այժմ, երբ հնարավորություն է ընձեռվել Իրանի համար՝ մասամբ դուրս գալ միջուկային և պատժամիջոցների ճգնաժամի փակուղուց, որի արդյունքում թուլացել են Իրանի տնտեսական և ֆինանսական կարողություններն ու ռեսուրսները, չի թվում, որ Իրանը կարող է կամ ի վիճակի է կոշտ պատասխան տալ Իսրայելի կամ ԱՄՆ-ի սադրանքներին, ինչը կարող է հանգել աշխարհաքաղաքական լուրջ ճգնաժամի։

Արդեն ակնհայտ է, որ Իրանի միջուկային գիտնականների սպանությունները և Իրանի միջուկային և հրթիռային ծրագրի համար խոչընդոտներ առաջացնելու փորձերը և  առավելագույն ճնշման քաղաքականությունը վկայում են, որ Իսրայելը նպատակ ունի թուլացնել Իրանին և, թերևս, ԱՄՆ-ին ստիպել կտրուկ միջոցների դիմել Իրանի դեմ՝ ՀԳՀԾ-ն տապալելու և Իրանին տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշելու համար: Անկասկած, Իսրայելը փորձում  է նոր լարվածություն առաջացնելով և տարածաշրջանում Իրանի թշնամի և երբեմն էլ բարեկամ արաբական երկրների հետ հարաբերությունները բարելավելով և նոր կոալիցիա ձևավորելով՝ առավել մեկուսացնել Իրանին տարածաշրջանում և Թեհրանին ներգրավել տարածաշրջանային պրոքսի պատերազմի մեջ: Ինչպես ասացի, Իրանը ներկայումս չունի այն կարողությունը, որ նոր պրոքսի պատերազմ սկսի իր թշնամիների հետ և կփորձի դիվանագիտական համբերությամբ կուլ տալ այս խայծը, չնայած հարմար պահին և առիթով միգուցե փորձի պատժիչ պատասխան տալ ահաբեկչական գործողություններին։

Մյուս կողմից՝ Իրանի կոշտ պատասխանն ԱՄՆ-ին կամ Իսրայելին և նրանց տարածաշրջանային արաբական դաշնակիցներին կարող է հանգել լայնամասշտաբ պատերազմի, որին, անկասկած, ձգտում է հասնել Իսրայելը, իսկ դա կարող է օգնել ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի երկրում պատերազմական իրավիճակ հայտարարելով՝ փորձի իր ընտրական ձախողման դատական գործընթացը երկարաձգելով և պատերազմի պատրվակով իշխանությունը չփոխանցել նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ Վստահ եմ, որ Իրանն այս ռազմավարական հաշիվները նկատի առնելով՝ այս զգայուն պայմաններում չի գնա կոպիտ պատասխան տալու ճանապարհով։ Ինչպես  ասացի, Իրանն այժմ կփորձի իրավիճակին վերահսկելով՝ դիվանագիտական և քարոզչական դաշտում շարունակել իր դիմադրողական քաղաքականությունը, քանի որ մեծ մարտավարության հնարավորությունից զրկված լինելով՝ այլընտրանք չունի՝ բացի համաձայնության հասնելուց ՀԳՀԾ-ի անդամ երկրների հետ։ Այդ կապակցությամբ և որպես պատասխան գործողություն՝ դեկտեմբերի 1-ին Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորների դռնբաց նիստում 251 կողմ ձայնով վավերացվել է «պատժամիջոցները չեղարկելու ռազմավարական քայլերի» օրինագիծը: Օրինագիծը ենթադրում է  տարեկան արտադրել 120 կգ  20 տոկոս հարստացված ուրան:

Նույնպես Իրանը երկու ամսվա ընթացքում կարող է հրաժարվել, ըստ ՄԱԳԱՏԷ-ի, միջուկային զենքը արգելող լրացուցիչ արձանագրությունից (NPT): Երրորդ հոդվածի համաձայն՝  Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պարտավորվում է օգտագործել IR2M և IR6 նոր սերնդի ցենտրիֆուգներ: Իհարկե, սա միայն խորհրդարանի կողմից վավերացված նախագիծ է, և դժվար թե ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի կառավարությունը համաձայնի դա գործադրել։

Հ.Գ. Սահակ Շահմուրադյանին մեր հարցերն ուղարկելուց մեկ օր անց՝ դեկտեմբերի 1-ին, Հայաստանի արտգործնախարարությունը իրանցի ֆիզիկոսի սպանության հետ կապված արձագանքել էր, ինչը, ինչպես Ս. Շահմուրադյանն է իր խոսքում ասել՝ չի կարող բավարարել Իրանին։

Տեսանյութեր

Լրահոս