«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի պարտության խորհրդանիշն է և րոպե առաջ պետք է հեռանա». Նաիրա Զոհրաբյան
«Ես ուզում եմ հասկանալ, երբ ինքն ասում է՝ ես կրում եմ պատասխանատվություն, ինչո՞վ է արտահայտվելու իր պատասխանատվություն կրելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը ևս գտնվում էր Ազատության հրապարակում, և որտեղից այսօր երեկոյան մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության» երթը:
Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես կրում եմ պատասխանատվություն, բայց բոլորը մեղավոր են, ինձնից բացի:
«Ինքն իր հերթական լայվերից մեկում փորձեց հերթական անգամ սեպ խրել Հայաստանի և սփյուռքի միջև՝ ասելով, որ սփյուռքն ունի թասիբ և արժանապատվություն, և ըստ էության հայաստանցիներին, մայրերին, ովքեր իրենց երեխաներին, ովքեր իրենց ամենասրբագույնը տվեցին այս պատերազմին, ինքը համարեց անթասիբներ: Պատասխանատվություն կրելը պետք է լինի մեկը՝ Նիկոլ Փաշինյանը մեր արժանապատվության անկման, Հայաստանի և Արցախի պարտության խորհրդանիշն է, և այդ խորհրդանիշը րոպե առաջ պետք է հեռանա»,- ընդգծեց պատգամավորը:
Ըստ Զոհրաբյանի՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Նիկոլ Փաշինյանն օր առաջ հեռանա, որից հետո Հայաստանում կլինի անցումային կառավարություն.
«Անցումային կառավարությունը կփորձի լուծել մի քանի ահավոր կարևոր, օրակարգային խնդիր, որոնցից առաջինը ռազմագերիների վերադարձն է, որովհետև այս իշխանությունն ուղղակիորեն չի՛ կարող այդ խնդրով զբաղվել: Կարևորագույն հարց է նաև՝ փրկել այն, ինչ դեռ հնարավոր է փրկել Հայաստանի տարածքային ամբողջականությունից: Նոր բանակցողը, նոր իշխանությունը պետք է կարողանա վերացնել այն ականները, որոնք դրված են այս եռակողմ փաստաթղթի տակ»:
Մանրամասները՝ տեսանյութում