«Մենք 3 հիմնական պահանջ ունենք». 2 ժամկետային զինծառայողի հայր

Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին հավաքվել էին Արցախում գտնվող ժամկետային զինծառայողների հարազատները: Նրանք մի քանի անգամ հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ:

Ժամկետային զինծառայողների հարազատներից Սուրեն Ջուլհակյանը, որի 2 որդիներն այս պահին Արցախում են, մանրամասներ հայտնեց Պաշտպանության նախարարությունում երեկ տեղի ունեցած հանդիպումից.

«Մենք 3 հիմնական պահանջ ունենք՝ պատերազմ անցած ժամկետային զինծառայողները, որոնք գտնվում են Արցախում՝ վերադառնան Հայաստան, նրանց տրամադրվի մինիմալը 20 օրով արձակուրդ, որ գոնե այդ ժամանակահատվածում փորձենք վերականգնողական ինչ-որ գործընթաց սկսենք, և երրորդ պահանջը, որ ժամկետային զինծառայողները, որոնք անցել են Արցախի պատերազմի միջով՝ կրճատվի նրանց ծառայությունը, և պետությունից ստանան սոցիալական աջակցություն՝ անվճար բժշկական օգնություն, և այլն»:

Քաղաքացին հայտնեց, որ ընդհանուր առաջարկ են մշակում, որը ներկայացնելու են կառավարությանը.

«Ուզում ենք ստեղծվի խումբ, որտեղ կլինեն Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, Առողջապահության նախարարության, նաև Ազգային ժողովից ներկայացուցիչներ, քննարկենք, տեսնենք, թե մեր պահանջների լուծումը ոնց կարելի է օր առաջ տալ»:

Սուրեն Ջուլհակյանը նաև հայտնեց, որ երեկ՝ պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպումից հետո, այն ծնողները, որոնց համար նախարարության առաջարկած պայմանները բավարար չէին, Ազգային ժողովում հանդիպել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ:

«Բանավոր զրուցել ենք, նա մեզ լսեց, պայմանները հասկացավ, նաև խնդրեց  որոշ ժամանակ տանք, որ քննարկի մնացած կառույցների հետ և մյուս շաբաթ մեզ պատասխանի»,- փոխանցեց 2 ժամկետային զինծառայողների հայրը:

Տեսանյութեր

Լրահոս