«Մեր տարածքի ժողովուրդը պետք է հասկանա, որ մեր հայրենակիցը, ցավոք սրտի, դավաճան է». իջևանցի տղամարդ

Այսօր կեսօրից հետո մոտ 50 իջևանցի փակել էին քաղաքի կենտրոնական փողոցը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Փողոց փակած տղամարդկանից Սևադա Ղուկասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս գործողությունները մի քանի օր առաջ են սկսվել, բայց սկզբում խաղաղ երթով գնացել են Իջևանի ազատամարտիկների պուրակ:

«Մեր ազատամարտիկների հուշարձանում ծաղիկներ ենք դրել, հետո գնացել ենք եկեղեցի մոմ ենք վառել ու դրանից հետո նոր որոշեցինք քաղաքացիական անհնազանդության նաև այս ձևաչափը կիրառել: Այսօր միակ ակտուալ և օրհասական պահանջը՝ «վարչապետի» հրաժարականն է: Սա նաև իրազեկման ակցիա էր, որ մեր տարածքի ժողովուրդն էլ հասկանա, որ մեր հայրենակիցը, ցավոք սրտի, դավաճան է»,- ասաց իջևանցի տղամարդը:

Քաղաքացին մեզ հետ զրույցում նշեց, որ ակցիայի ընթացքում իրենց նկատմամբ բռնի ուժ կիրառած քաղաքացիական հագուստով տղամարդիկ ներկայացել են՝ որպես ոստիկաններ:

«Նրանցից քաչալավուն մեկին անձամբ հարցրեցի՝ ո՞վ եք, պատասխանեց՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն եմ: Որպես տեղացի՝ ես առաջին անգամ էի տեսնում նրանց, բոլորի դեմքերն էլ անծանոթ էին»,- ասաց նա:

Սևադա Ղուկասյանն ասաց, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվել վարչապետ, նման քայլ, նման որոշում նրանից չէին սպասում, սակայն կարճ ժամանակ անց փոխել են իրենց կարծիքը.

«Մեր մեջ էլ կար որոշակի ոգևորվածություն, խանդավառություն, ուղղակի շատ կարճ ժամանակում, շատ կարճ, գրեթե 1 ամիս էլ չէր անցել, հասկացանք, որ սխալվել ենք, որ մեր երկիրը շատ վտանգավոր ուղիով է գնում: Որպես տարածաշրջանի բնակիչ՝ կարող եմ ասել, որ մեր տարածքում լիքը մարդիկ կան, որ ամաչում են: Ես ինքս Երևանում շատ անգամ, շատ տեղեր ամաչում եմ ասեմ՝ իջևանցի եմ, որովհետև որ ասում ես՝ իջևանցի եմ, ասոցիացվում է դրա հետ… Ես մտածում եմ, որ ժամ առաջ պետք է այդ ազգադավը հրաժարական տա»:

Քաղաքացին նաև հայտնեց, որ իր տեղեկություններով՝ ոստիկանները 3 քաղաքացու են բերման ենթարկել, որոնցից մեկն ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանն է:

Տեսանյութեր

Լրահոս